Ինչպես է պատրաստվում Կատալոնիան խորհրդարանական ընտրությունների համար (տեսանյութ)

Կատալոնիայի կառավարության արձակումից հետո այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կկայանան տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրություններ։

Կատալոնիայի 6 հիմնական կուսակցությունները կպայքարեն տեղական խորհրդարանում 135 աթոռի համար։ Դրանցից 3-ը կողմ են հանդես գալիս Կատալոնիայի անկախությանը։ Դրանք են «Կատալոնիայի ձախ հանրապետականներ», «Ժողովրդական միասնություն» կուսակցություններն ու կատալոնական կառավարության նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի գլխավորած «Միասին հանուն Կատալոնայի» բլոկը։

Կատալոնիայի անկախությանը դեմ են հանդես գալիս «Քաղաքացիներ», Սոցիալիստական և Ժողովրդական կուսակցությունները։

Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեից հետո Իսպանիայի կառավարությունն արձակել էր Կատալոնիայի տարածաշրջանային կառավարությունն ու խորհրդարանը։

Ընտրությունների կապակցությամբ անվտանգության նորմերը առավելագույնս խստացվել են: Խառնաշփոթություններից խուսափելու նպատակով Կատալոնիայում մոբիլիզացվել է մոտ 13 000 իրավապահ:

Իսպանիայի իշխանությունները պատրաստ է բանակցել խորհրդարանական ընտրություններում հաղթող ցանկացած ուժի հետ:

«Բանակցությունների անցկացման կողմնակից եմ, սակայն ոչ Կատալոնիայի անկախության հարցով: Կատալոնիան Իսպանիա է և Եվրոպա»,- հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

Նշենք, որ Կատալոնիայի նախկին իշխանությունների ձերբակալված անդամները նամակ են հղել Ռախոյին, որտեղ կոչ են անում նրան հարգել ընտրությունների արդյունքները: Բանտարկության մեջ գտնվող կառավարության նախկին անդամները հայտարարում են, որ շարունակելու են պայքարը Կատալոնիայի անկախության համար և ունեն բնակչության հույսը: