«Հուսիթները» բալիստիկ հրթիռներով և պայթուցիկ նյութերով բեռնված ԱԹՍ-ներով հարված են հասցրել Ադենի միջազգային օդանավակայանին

10:30, 07.10.2026

Եմենում «հուսիթները» բալիստիկ հրթիռներով և պայթուցիկ նյութերով բեռնված անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Ադենի միջազգային օդանավակայանին: Տեղեկությունը, հղում անելով Եմենի տրանսպորտի նախարարությանը, տարածում է «Ռոյթերս» գործակալությունը:

Մեկ հրթիռ ընկել է օդանավակայանի թռիչքուղու մոտ՝ Կահիրեից չվերթի Ադենում վայրէջք կատարելուց ընդամենը րոպեներ առաջ: Անվտանգության նկատառումներով ինքնաթիռն ուղղորդվել է դեպի Ջիդդա, իսկ թռիչքուղու վրա գտնվող երկու ինքնաթիռները տարհանվել են տարածքից:

«Հուսիթներն» առայժմ տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն չեն արել:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակումներն իրականացվել են Եմենում մի քանի ուղղություններով մարտական գործողությունների սրման ֆոնին: Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարական ուժերը «հուսիթների» դեմ հակահարձակում են սկսել և, կոալիցիայի օդային աջակցությամբ, գրոհ են ձեռնարկել ռազմավարական Բաբ էլ-Մանդեբի նեղուցին ու Մոխա քաղաքին հարող Կարմիր ծովի ափամերձ գոտին հետ վերադարձնելու համար: Նրանք «հուսիթներին» ետ են մղել այն տարածքներից, որոնք խմբավորումը զբաղեցրել էր անցյալ ամիս:

Նմանատիպ