Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտարարում են, որ Ռուսաստանում ժանտախտի համաճարակի տարածման ռիսկը ցածր է
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ Ռուսաստանում ժանտախտի համաճարակի տարածման ռիսկը ցածր է:
Տեղեկությունը տարածում է «The Guardian» պարբերականը։
ԱՀԿ-ի խոսնակ Քրիստիան Լինդմայերը լրագրողներին ծանոթացրել է Ռուսաստանի առողջապահական գերատեսչություններից ստացված տեղեկատվությանը և նշել, որ, նրանց տվյալներով, հիվանդության լայնամասշտաբ տարածման նշաններ չկան:
Նրա խոսքով՝ բոլոր պացիենտները նույնականացված են, և նրանց առողջական վիճակը գտնվում է հսկողության տակ: Քրիստիան Լինդմայերի տեղեկություններով՝ մինչ օրս նրանցից որևէ մեկի մոտ հիվանդության ախտանիշներ չեն ի հայտ եկել:
Լինդմայերի հայտարարությամբ՝ առկա տեղեկատվության հիման վրա, Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախնական գնահատմամբ, Իրկուտսկում համաճարակի տարածման ռիսկը միջինից ցածր է, ամբողջ Ռուսաստանի Դաշնությունում՝ ցածր, իսկ Եվրոպական տարածաշրջանում՝ շատ ցածր:
Մի քանի օր առաջ Իրկուտսկի Սիբիրի և Հեռավոր Արևելքի ժանտախտի հակազդման գիտահետազոտական ինստիտուտի լաբորանտ Դարյա Շիպիլովան մահացել է: Տեղեկություններ էին տարածվել, որ Դարյա Շիպիլովան լաբորատորիայում աշխատելիս վնասել է ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը: Այս վարկածը պաշտոնական գերատեսչությունները չեն հաստատում:
ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերի խոսքով՝ Ռուսաստանի պաշտոնական դեմքերը դեռևս հետաքննում են՝ արդյոք Շիպիլովայի մահվան պատճառը եղել է թոքային ժանտախտը: Նրա խոսքով՝ լրացուցիչ տեղեկատվություն ստանալուն պես այս գնահատականը կթարմացվի: