Ռուսաստանը գիշերը բալիստիկ և թևավոր հրթիռներով զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի վրա. երկրի իշխանություններն ու զինվորականները քաղաքացիներին կոչ են անում մինչև տագնապի ազդանշանի չեղարկումը մնալ ապահով վայրերում
Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում զանգվածային համակցված հարձակում է սկսել: Հարձակման ընթացքում միաժամանակ կիրառվում են բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր: Տեղեկությունը, հղում անելով պետական գերատեսչություններին, տարածում են ուկրաինական ԶԼՄ-ները:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հայտարարությամբ՝ մայրաքաղաքի Օբոլոնի շրջանում հարվածներ են հասցվել ոչ բնակելի շենքերին, իսկ Պոդոլի շրջանում՝ պահեստներին: Դնեպրում Ռուսաստանը հարվածել է արդյունաբերական ձեռնարկությանը: Դարնիցայի շրջանում զոհվել է երկու մարդ:
Ուկրաինայի մարզերի մեծ մասում օդային տագնապ է հայտարարված: Իշխանություններն ու զինվորականները քաղաքացիներին կոչ են անում մինչև վտանգի ազդանշանի չեղարկումը մնալ ապահով վայրերում:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանը պատրաստվում էր Ուկրաինային հասցվելիք նոր զանգվածային հարվածի: