«Սովորիր և գտիր աշխատանք» ծրագրի գրանցումը սկսվում է․ ծրագրին ավելացվում է 22 նոր մասնագիտական դասընթաց

11:12, 07.10.2026
Մեկնարկում է Թբիլիսիի քաղաքապետարանի հաջողված նախագծերից մեկի՝ «Սովորիր և գտիր աշխատանք» ծրագրի գրանցումը։
Ինչպես մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ծրագիրը Թբիլիսիում գրանցված քաղաքացիներին օգնում է վերապատրաստվել աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունների գծով կարճաժամկետ մասնագիտական դասընթացների միջոցով և տեղավորվել աշխատանքի մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։
«Շատ մարդիկ կան, ովքեր աշխատանք են փնտրում, և միևնույն ժամանակ կա բիզնես հատված, որն ունի որակյալ, պրոֆեսիոնալ կադրերի կարիք: Մենք ակտիվորեն համագործակցում ենք բիզնես հատվածի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց գործունեությունն են ծավալում տարբեր ոլորտներում: Մենք ճշգրիտ տեղեկատվություն ունենք այն մասին, թե որ ուղղություններով կա կադրերի պակաս: Ըստ այդմ՝ քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս վերապատրաստվել, բարձրացնել որակավորումը, իսկ զուգահեռաբար օգնում ենք աշխատանքի տեղավորման հարցում: Բացի այդ, շուկայի պահանջներին համապատասխան, դասընթացները մշտապես թարմացվում են: Ընթացիկ կիսամյակում ծրագրին կավելացվի 22 նոր մասնագիտական դասընթաց»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Բացի այդ, Թբիլիսիի քաղաքապետը խոսել է ծրագրի շրջանակներում նախատեսված ևս մեկ նորամուծության՝ վարձատրվող պրակտիկայի ծառայության մասին:
«Ծրագրի շրջանակներում ունենք ևս մեկ շատ լավ նորություն․ քաղաքացիների աշխատանքի տեղավորմանն աջակցելու նպատակով ծրագրին ավելացվում է վարձատրվող պրակտիկայի ծառայությունը։ Սա նշանակում է, որ հաջողակ շրջանավարտը կանցնի պրակտիկա, որը կլինի վարձատրվող»,- նշել է Կախա Կալաձեն։
Բացի այդ, մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով, շարունակվում է կարիերայի խորհրդատվության ծառայությունը, որի շրջանակներում ընթացիկ կիսամյակում ծրագրի բոլոր մասնակիցներին կտրամադրվի պատշաճ կարիերայի խորհրդատվություն:
Կախա Կալաձեի տեղեկացմամբ՝ ծրագրին մասնակցել ցանկացողների գրանցումը կիրականացվի սույն թվականի հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 21-ը ներառյալ՝ www.dasakmdi.ge վեբկայքում։
Թբիլիսիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ուսումնական կազմակերպություններին ծրագրում ընդգրկվածության և աջակցության համար:
Ծրագրին կարող է մասնակցել Թբիլիսիում գրանցված Վրաստանի ցանկացած քաղաքացի՝ 16 տարեկանից, իսկ ուսուցումն ամբողջությամբ ֆինանսավորվում է Թբիլիսիի քաղաքապետարանի կողմից։

Նմանատիպ