Գերագույն ռադայի պատգամավորները Կիևի քաղաքապետին հոկտեմբերի 14-ին հրավիրել են խորհրդարան. Կլիչկոն հայտարարում է, որ իշխանությունը փորձում է ոչնչացնել տեղական ինքնակառավարումը

20:05, 13.10.2026

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին հոկտեմբերի 14-ին հրավիրել են խորհրդարանի նիստին:

Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ նախաձեռնությամբ հանդես է եկել «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Մարիանա Բեզուգլայան: Նրա առաջարկին կողմ է քվեարկել 151 պատգամավոր, դեմ՝ ութը:

«Տեսնում եք՝ ինչ է կատարվում մայրաքաղաքում: Մենք Կլիչկոյից ոչ մի ձայն չենք լսել: Այս հարցը չի վերաբերում ո՛չ քաղաքական կուսակցություններին, ո՛չ էլ քաղաքական ուժերին»,- հայտարարել է Մարիանա Բեզուգլայան:

Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ կենտրոնական իշխանությունը փորձում է ոչնչացնել տեղական ինքնակառավարումը և դրա համար օգտագործում է մտացածին պատճառներ:

«Կենտրոնական իշխանության հետ կապված ռեսուրսները անհիմն մեղադրանքներ են տարածում ջեռուցման շրջանի հնարավոր խափանման վերաբերյալ»,- հայտարարել է Կիևի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ ռուսական հարձակումների ակտիվացման պատճառով Կիևը հայտնվել է գոյատևման համար պայքարի ռեժիմում: Նա մայրաքաղաքիակի բնակիչներին խորհուրդ էր տվել մտածել քաղաքից դուրս ընկերների կամ հարազատների մոտ ժամանակավորապես տեղափոխվելու մասին:

Հոկտեմբերի 9-ին երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մայրաքաղաքի իշխանությունները գրեթե չեն կարողացել ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ էներգետիկ ենթակառուցվածքը պաշտպանելու համար:

Նմանատիպ