Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ծրագրում է ռմբակոծել «հուսիների» օբյեկտները. կոալիցիան Եմենի մայրաքաղաքի բնակիչներին էվակուացիայի կոչ է անում

20:48, 13.10.2026
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան Եմենի մայրաքաղաք Սանայի բնակիչներին էվակուացիայի կոչ է անում։ Տեղեկությունը տարածում է «Սքայ Նյուզը»։ Նրանց իսկ տեղեկացմամբ՝ կոալիցիան ծրագրում է ռմբակոծել եմենցի «հուսիների» օբյեկտները։
Բացի այդ, քիչ առաջ հուսի ապստամբների լրատվամիջոցը տեղեկություն է տարածել, համաձայն որի՝ Եմենի մայրաքաղաքում նավթավերամշակման կայանի վրա հարձակում է տեղի ունեցել։
«Հուսիների» կողմից ղեկավարվող «Ալ-Մասիրահ» հեռուստաալիքը հայտարարել է, որ թիրախ է դարձել Սանայում գտնվող Եմենի նավթային ընկերության կայանը։
Խմբավորման առաջնորդների հայտարարությամբ՝ իրենք Էր Ռիադին «ցավոտ» պատասխան կտան։
«Եմենի մայրաքաղաքի վրա ցանկացած հարձակման կհետևի խիստ և ցավոտ պատասխան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում», — հայտարարել է ապստամբ խմբավորման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին։
Նրա իսկ խոսքով՝ հուսի ապստամբները պատասխան հարվածներ կհասցնեն Սաուդյան Արաբիայում Aramco-ի նավթային օբյեկտներին և Սաուդյան Արաբիայի բնակչությանն ու նավթային ընկերության աշխատակիցներին էվակուացիայի կոչ են անում։ Aramco-ն Սաուդյան Արաբիայի խոշորագույն պետական նավթային ընկերությունն է և ամբողջ երկրի մասշտաբով տասը խոշոր նավթավերամշակման գործարանների սեփականատերն է։
Ի գիտություն՝ Սաուդյան Արաբիայում «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա «հուսիների» հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, 11-ը՝ վիրավորվել։ Հարձակմանը նախորդել էր հարվածը Էր Ռիադի միջազգային օդանավակայանին, որի պատասխանատվությունը ստանձնել էին Իրանի կողմից աջակցվող «հուսիները»։ Հարձակման հետևանքով 13 մարդ է զոհվել և ավելի քան 300-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ