Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարը հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայի հետ։
Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թուրքիայի դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։
Նրանց փոխանցմամբ, հանդիպմանը կողմերը քննարկել են երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։
«Ինչպես գիտեք, Վրաստանի էկոնոմիկայի զարգացման մեջ գյուղատնտեսության մասնաբաժինը կարեւոր է։ Մեզ համար հետաքրքիր է կիսել Թուրքիայի փորձը։ Երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները արդյունավետ համագործակցության հիմքն են»,- ասել է Դավիթ Սոնղուլաշվիլին։
Նախարարը շեշտը դրել է երկրի համար շուկաների դիվերսիֆիկացման կարևորության վրա։
Ինչպես նշել է Թուրքիայի դեսպանը, երկրներին կապում են պատմական բարեկամությունը և գործընկերային հարաբերությունները, ինչը կարևոր նախադրյալ է տարբեր ուղղություններով համագործակցության խորացման համար։
«Հանդիպմանը քննարկվել են ձկնաբուծության, անասնապահության, ոռոգման, անտառային ոլորտի եւ թափոնների կառավարման, գյուղատնտեսության մեքենայացման ուղղությամբ համագործակցության խորացման հարցեր։
Ուշադրություն է դարձվել վրացական արտադրության տարբեր ապրանքների Թուրքիա արտահանման ավելացման, ինչպես նաև Թուրքիայի «Horeca» հատվածի հետ վրացական գինի արտադրողների համագործակցության խորացման կարևորության վրա»,- ասվում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարության համապատասխան ծառայության ներկայացուցիչներ։