Ավստրիայի մայրաքաղաքում ընթանում է հատուկ գործողություն, իրավապահները որոնում են մեկ անձի
Ավստրիայի մայրաքաղաքում ընթանում է հատուկ գործողություն, իրավապահները որոնում են մեկ անձի

Ավստրիայի մայրաքաղաքում ընթանում է ոստիկանության հատուկ գործողություն: Իրավապահները որոնում են հարձակվողներից մեկին:

Հարձակումը Վիեննայում տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, տեղական ժամանակով 20:00-ին, «կովիդ 19»-ի կանխարգելման նպատակով համընդհանուր կարանտինի մեկնարկից մի քանի ժամ շուտ: Ոստիկանության տվյալներով, զինված անձը կրակ է բացել վեց տարբեր վայրերում, այդ թվում մեկը սինագոգային հարակից տարածքն էր: Զոհվել է երեք և վիրավորվել 15 մարդ:

Ավստրիայի կառավարությունը կատարվածը համարում է ահաբեկչական գործողություն:

Երկրի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսին որոնում են: Ավստրիայի ՆԳ նախարարությունը կոչ է անում բնակչությանը չլքել իրենց տները, չօգտվել հասարակական տրանսպորտից, ինչպես նաև կառավարությունը հանդես է եկել առաջարկությամբ, որ այսօր աշակերտները դպրոց չգնան:

Ողջ երկրում խստացվել են անվտանգության միջոցառումները: Վերահսկողությունը խստացվել է նաև Ավստրո-Չեխիայի սահմանին:

Երկրի ներքին գործերի նախարարն ասում է, որ հարձակվողները լավ զինված էին և պատրաստված: Պաշտոնյաները դեռ չեն մեկնաբանել հարձակման դրդապատճառը: