Արձակել եմ հրաման, որ իրավապահները ապահովեն իշխանության խաղաղ փոխանցումը. Դոնալդ Թրամփ
Ներկայացուցիչների պալատի կողմից իմպիչմենթի հայտարարումից հետո, Միացյալ Նահանգների գործող նախագահը արել է առաջին մեկնաբանությունը: Տեսաուղերձում Դոնալդ Թրամփն անդրադարձավ հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման թեմային: Թրամփի խոսքով, նա անվերապահորեն դատապարտում է բռնությունը, որը տեղ չունի ԱՄՆ-ում: ԱՄՆ-ի գործող նախագահի հայտարարությամբ, իր հիմնական նպատակներին հասնելն առանց օրենքի գերակայությունը պահպանելու անհնար է:
«Բազմության բռնությունը դեմ է այն ամենին, ինչին աջակցում է մեր շարժումը: Իմ իրական աջակիցը երբեք չի աջակցել քաղաքական բռնություններին: Իմ իրական աջակիցը երբեք չէր վերաբերվի անարժան իրավապահներին կամ ԱՄՆ-ի դրոշին: Իմ աջակիցներից ոչ ոք երբեք չէր սպառնա կամ հետապնդի համաքաղաքացիներին: Եթե դուք անում եք դա, ուրեմն մեր շարժման կողմնակից չեք: Ընդհակառակը, դուք հարձակվում եք այս շարժման և երկրի վրա: Մենք չենք հանդուրժի դրան», – ասել է Միացյալ Նահանգների գործող նախագահը:
Նրա խոսքով, պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր մասնակցել են Կապիտոլիումի շենքի վրա հունվարի 6-ին տեղի ունեցած հարձակմանը: Թրամփը կոչ է արել կողմնակիցներին անել ամեն հնարավոր բան, լարվածությունը թուլացնելու համար:
Գործող նախագահը հայտարարել է նաև, որ իրավապահներին հանձնարարել է օգտագործել բոլոր անհրաժեշտ միջոցները, ընտրված նախագահի երդմնակալության արարողության անվտանգությունն ապահովելու համար:
«Բոլորը պետք է հետևեն օրենքին և ենթարկվեն իրավապահ մարմինների ցուցումներին: Ես հանձնարարել եմ դաշնային գործակալությանը անել ամեն ինչ Վաշինգտոնում կարգ ու կանոնը պահպանելու համար: Մենք կենտրոնացրել ենք հազարավոր զինվորականների, քաղաքը պաշտպանելու համար, որպեսզի իշխանության փոխանցումն իրականացվի անվտանգ և առանց միջադեպերի: Ձեզանից շատերի նման ես նույնպես ցնցված ու վշտացած եմ Կապիտոլիումի շենքում տեղի ունեցածից», – հայտարարել է Թրամփը:
Բացի այդ, իր ուղերձում Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ում խոսքի ազատությունն այսօր աննախադեպ հարձակման տակ է:
Հիշեցնենք, որ այսօր Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենթ հայտարարեց Դոնալդ Թրամփին: ԱՄՆ-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նախագահին իմփիչմենթ են հայտարարում երկրորդ անգամ: