ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները Դամասկոսում հանդիպել են Հայաթ Թահրիր ալ-Շամի առաջնորդ Մուհամմեդ ալ-Ջուլանիի հետ
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները Դամասկոսում հանդիպել են Հայաթ Թահրիր ալ-Շամի առաջնորդ Մուհամմեդ ալ Ջուլանիի հետ։
ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆն ասել է, որ ալ-Ջուլանիի հետ բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ը կհանի 10 միլիոն դոլար պարգևը, որը հայտարարվել էր նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար։
Բարբարա Լիֆն ընդգծել է, որ հանդիպումն անցել է «դրական մթնոլորտում»։ Կողմերը կարողացել են քննարկել Սիրիայում քաղաքական անցումային շրջանի սկզբունքները, ինչպես նաև տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի աճը կանխելու միջոցառումները։ Ըստ Բարբարա Լիֆի՝ Ալ-Ջուլանին պատրաստակամություն է հայտնել կատարել այդ պայմանները։
Բացի այդ, հանդիպմանը քննարկվել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցը։ Բարբարա Լիֆը նաև նշել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին ազդել սիրիական նոր կառավարության ձևավորման վրա։
Տեղեկության համար՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցանկում և ահաբեկչական է ճանաչվել ԱՄՆ-ի, արևմտյան այլ երկրների և Ռուսաստանի կողմից։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը վերահսկում է երկրի զգալի մասը։