Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի երեկվա հետ համեմատ պակաս քանակը կապված է շաբաթ-կիրակի օրերին թեստավորումների քանակի պակասի հետ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, երեկվա տվյալների համեմատ, այսօր Վրաստանում կորոնավիրուսի ավելի քիչ հաստատված դեպքերը պայմանավորված են հանգստյան օրերին թեստավորման նվազ քանակով:
«Փետրվարից ի վեր երկրում հաստատված է 162 475 դեպք: Այսօր առավոտյան գրանցվել է 4 321 նոր դեպք, որից 2 404-ը հաստատվել են «Փի Սի Ար» տեխնոլոգիայով, իսկ 1 917-ը ՝ հակագենի վրա հիմնված թեստերով: Ըստ շրջանների, մենք ամենաշատ դեպք ունենք Թբիլիսիում, որին հաջորդում է Իմերեթին, ապա Աջարիան, ինչպես նաև շատ դեպքեր են արձանագրվել Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 433 դեպք ենք ունեցել Սամեգրելոյում, դեպքերը ավելանում են Քվեմո Քարթլիում և Շիդա Քարթլիում: Երեկվա համեմատ, այսօր հաստատված դեպքերն ավելի քիչ են, քանի որ մենք հանգստյան օրերին ավելի քիչ մարդ ենք հետազոտել: Եթե երեկ 18 հազար թեստ էր անցկացվել, ապա այսօր այդ ցուցանիշը համեմատաբար փոքր է, մասնավորապես` իրականացվել է 8 580 «Փի Սի Ար» թեստ և 5 816 անտիգեն»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Միևնույն ժամանակ, ըստ Գամղրելիձեի, հաջորդ շաբաթ կորոնավիրուսի դեպքերի քանակը կավելանա, քանի որ փորձարկումները լրջորեն ընդլայնվել են:
«Մենք կունենանք ավելի բարձր ցուցանիշ, քանի որ դուք գիտեք, որ վերջին չորս, եթե ոչ երեք օրվա ընթացքում երկրում ուժեղացրել ենք փորձարկման մակարդակը, օրական ցուցանիշը 15 հազարից 18 հազար է, և մենք պետք է բարձրանանք մինչև 20 հազար: Հավանաբար, ինչ-որ տեղ երեքշաբթի-չորեքշաբթի օրական կհասնենք 20 հազար թեստի:
Հետևաբար, մենք կունենանք ավելի շատ դեպք, բայց հիմնականում դա կլինի թեթև և ասիմպտոմիկ դեպքերի հաշվին: Այսօրվա դինամիկայից երևում է, որ տանը մնացած պացիենտների թիվը շատ ավելի մեծ է, քան նախորդ օրերին: Ինչպես գիտեք, հիմնականում թեթև և ասիմպտոմիկ դեպքերը բուժվում և վերահսկվում են տանը և ներկայիս տվյալների համաձայն տանը բուժվում է 16 568 մարդ:
Առավոտյան տվյալներով ՝ 6 897 մարդ հոսպիտալացվել է, մինչև 4 000 պացիենտ գտնվում է կովիդ հյուրանոցներում, մենք ունենք 27 434 ակտիվ դեպք, և հոսպիտալացվածների տոկոսը իջնում է մինչև 25 տոկոսի, ինչը նշան է, որ տրիաժը ավելի լավն է և հիվանդանոցում են հայտնվում այն մարդիկ, ովքեր իսկապես ունեն հոսպիտալացման կարիք: Հետևաբար, տանը մոնիտորինգի և բուժման տեմպերն աճել են:
1 066 է ծանր հիվանդների քանակը, որոնցից 420-ը գտնվում է թոքերի արհեստական օդափոխության վրա: Նրանց մեծ մասը գտնվում է Թբիլիսիում, քանի որ ամենածանր հիվանդները կենտրոնացած են Թբիլիսիի հիվանդանոցներում, ցավոք, այսօր մենք ունենք 42 մահ, ընդհանուր առմամբ մահվան դեպքերը հասել են 1 504-ի: Վարակվածների մեծ մասը ՝ 72 տոկոսը, ախտանշանային է: Ինչ վերաբերում է բժշկական անձնակազմին, ապա այսօր առավոտվա դրությամբ վարակված է բժշկական անձնակազմի 252 անդամ, մինչդեռ ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում վարակվել է բժշկական անձնակազմի 10 050 անդամ: Բուժաշխատողների վարակվածության մակարդակը վարակվածների ընդհանուր թվի 6,5 տոկոսն է»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 4 321 նոր դեպք, մինչդեռ երեկ հաստատված դեպքերի թիվը 5 450 էր: