Ամերիկյան մամուլի լրատվությամբ Էրդողանը փոխել է դիրքորոշումը և հանդիպելու է Փենսի և Պոմպեոյի հետ

Թուրքիայի նախագահ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է որոշումը և հանդիպելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ, Մայք Փենսի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Լրատվությունն այս մասին տարածում է ամերիկյան մամուլը, հենվելով Մայք Պոմպեոյի հայտարարությանը:

Մինչ այդ Էրդողանը հայտարարել էր, որ Պոմպեոն և Փենսը կհանդիպեին իրենց կարգի անձանց հետ:

«Երբ Թրամփը կայցելի այստեղ այն ժամանակ կզրուցենք»,-հայտարարել էր Թուրքիայի նախագահը:

ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը, որի կազմում են փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն և ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական, Ռոբերտ Օբրայանը, արդեն Թուրքիայում է:

Թուրքիան Սիրիայում «խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը սկսել էր հոկտեմբերի 9-ին: Անկարայում հայտարարում են, որ գործողության նպատակը Սիրիայի սահմանին «անվտանգության գոտի» ստեղծելն է, որտեղ պետք է վերադարձնեն սիրիացի փախստականների: