«Ադրբեջանի ավիաուղիները» պնդում են, որ իրենց ինքնաթիռը կործանվել է Ղազախստանում ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության հետևանքով
«Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռը կործանվել է ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության հետևանքով,- այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են «Azal» ավիաընկերությունից։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը նշում է, որ տուժած ուղևորների և ողջ մնացած բորտուղեկցորդուհիների վկայությամբ Գրոզնիում պայթյուն է լսվել։
«Բորտուղեկցորդուհիներից մեկն անգամ վիրավորվել է ձեռքից։ Սոցցանցերից ու մամուլում հրապարակված նկարներից երեւում է, որ կնոջ ձեռքն ու ոտքը վնասվել են։ Բացի այդ, օդանավի թեւի վրա նկատվում են անցքերի հետքեր։ Ինքնաթիռի ներսում ֆյուզելյաժը վնասված է։ Տուժածները, որոնք Ռուսաստանի քաղաքացիներ են, նաև ասել են, որ երեք պայթյուն են լսել Գրոզնիում։ Նրանց խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել դրսից, իսկ հետո ինչ-որ բան դիպել է ինքնաթիռին։ Թե ինչ զենքից է եղել արտաքին միջամտությունը, կպարզի քննությունը։ Բացի այդ, եթե նայեք ինքնաթիռի թռիչքի երթուղին, կստացվի, որ այն թռիչքի ուղղությունը վերցրել է Մախաչկալայի վրայով Ակտաու ուղղությամբ։ Արդյոք ինքնաթիռին թույլ են տվել վայրէջք կատարել այստեղ, թե ոչ, կպարզվի հետաքննության արդյունքներով։ Բացի այդ, հետաքննությունը կպարզի օդաչուի վթարային վայրէջքի նպատակը։ GPS-ի անջատման մասին կհայտարարվի ապացույցների ներկայացումից հետո»,- ասել է Ռաշադ Նաբիեւը։