«Ադրբեջանի ավիաուղիները» դադարեցրել է չվերթները Գրոզնո և Մախաչկալա՝ մինչև Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ավարտը
«Ադրբեջանի ավիաուղիները» դադարեցրել է չվերթները Գրոզնո և Մախաչկալա՝ մինչև Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության ավարտը,- հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ավիաընկերությանը։
Ընկերությունը նշում է, որ «Ադրբեջանի ավիաուղիների» չվերթներն այլ ուղղություններով կշարունակվեն սովորական չվացուցակով։
Հիշեցնենք՝ այսօր «Ադրբեջանի ավիաուղիներ» ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը Բաքվից թռչում էր Գրոզնո և փոխել ուղղությունը, վթարի է ենթարկվել Ակտաուի օդանավակայանից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։
Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռ է կործանվել: Վերջին տվյալներով՝ ավիավթարից ողջ են մնացել ուղեւորատար ինքնաթիռի 67 ուղեւորներից 32-ը։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։