Կախա Կալաձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ
Կախա Կալաձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հանդիպել է Ադրբեջանի վարչապետի հետ:

Բաքվում կայացած հանդիպմանը Կախա Կալաձեն և Ալի Ասադովը խոսեցին Վրաստան-Ադրբեջան բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների, ռազմավարական գործընկերության հարցերի և համագործակցության հեռանկարների մասին:

Ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի, կողմերը գոհունակություն են հայտնել Թբիլիսիի և Բաքվի միջև բարեկամության հուշագրի ստորագրման կապակցությամբ, ինչը, նրանց կարծիքով, լավ հնարավորություն է տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար:

«Հաճելի է այսօր լինել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Էներգետիկայի նախարար եղած ժամանակ իմ նախկին պաշտոնից ելնելով, ես հաճախակի էի շփվում Ադրբեջանի հետ, համատեղ ջանքերով մենք իրականացնում էինք շատ կարևոր միջազգային նախագծեր, և հետագայում էլ պետք է շարունակենք այս համագործակցությունը: Երեկ ստորագրվեց Թբիլիսիի և Բաքվի միջև եղբայրության շատ կարևոր փաստաթուղթ: Մեր երկրների միջև կան բարեկամական հարաբերություններ, բայց կարծում եմ, որ կան լրացուցիչ ռեսուրսներ այդ հարաբերությունները խորացնելու, մեր ժողովուրդներին միմյանց մերձեցնելու, Թբիլիսիում և Բաքվում տարբեր մշակութային միջոցառումներ անցկացնելու համար», – ասել է Կախա Կալաձեն:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի վարչապետը ընդգծել է երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևորությունը:

«Ադրբեջանն ու Վրաստանը ռազմավարական գործընկերներ են: Այս առումով, երկու պետությունների մայրաքաղաքների եղբայրացումը նշանակալի ներդրում կունենա մեր հարաբերությունների զարգացման գործում: Վրաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանում մեծ նախագծեր են իրականացնում, ինչը մեծ օգուտ կբերի տարածաշրջանին, ինչպես նաև կապահովի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Այսօր Վրաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում բարձր մակարդակի վրա են, և մենք, մեր հերթին, կնպաստենք այդ հարաբերությունների զարգացմանը: Այստեղ ես կցանկանայի առիթից օգտվել և իմ անկեղծ ողջույնները հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին», – ասել է Ադրբեջանի վարչապետը:

Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Կախա Կալաձեն, պատվիրակության անդամների հետ միասին, ծաղկեպսակ դրեց Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի գերեզմանին և «Շեհիդների ծառուղում» հավերժական կրակի հուշահամալիրին: