Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն։
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Վրաստանի վարչապետի պաշտոնական դիմավորման արարողությունը կկայանա Ղրղզստանի Հանրապետության նախագահական պալատում։ Իրակլի Կոբախիձեին կհյուրընկալի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։
«Նախատեսվում է ղեկավարների հանդիպում երկու երկրների կառավարությունների անդամների մասնակցությամբ, որից հետո կկայանա փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Վրաստանի վարչապետը և Ղրղզստանի նախագահը համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար», – հայտնել է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Վրաստանի կառավարության ղեկավարը Բիշքեկ է մեկնել պատվիրակությամբ, որի կազմում են փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։