Կախա Կալաձե. Հուսով եմ, որ հուշագիրը մեծ ներդրում կունենա Վրաստանի ու Ադրբեջանի միջև դարավոր հարաբերությունների խորացման գործում
Կախա Կալաձե. Հուսով եմ, որ հուշագիրը մեծ ներդրում կունենա Վրաստանի ու Ադրբեջանի միջև դարավոր հարաբերությունների խորացման գործում

24 տարվա գործընկերությունից հետո Թբիլիսիի և Բաքվի միջև ստորագրվեց քույրացման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Բաքվի քաղաքապետ Էլդար Ազիզովը: Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

«Այսօր Թբիլիսիի եւ Բաքվի միջև կնքված քույրացման հուշագիրը շատ կարևոր է: Մեր քաղաքների միջև կար երկարամյա գործընկերություն: Հուսով եմ, որ հուշագիրը մեծ ներդրում կունենա Վրաստանի ու Ադրբեջանի միջև դարավոր հարաբերությունների խորացման գործում: Պայմաններ կստեղծեն տարբեր ոլորտներում մեր հարաբերություններն ավելի հետաքրքիր ու բարեկամական դարձնելու համար», – ասաց Կախա Կալաձեն:

Հուշագիրը ներառում է համագործակցություն մշակույթի, արվեստի, զբոսաշրջության, քաղաքաշինության, շրջակա միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգարդյունավետության, թափոնների կառավարման, երիտասարդության հարցերի և սպորտի ոլորտներում, ինչպես նաև խորացնում է առևտրի և գործարար կապերը տարբեր ոլորտներում:

«Վրաստանն ու Ադրբեջանը հազարամյա հարաբերություններ ունեն, որը մենք շատ բարձր ենք գնահատում: Մենք ունենք շատ ձեռքբերումներ տարբեր ոլորտներում համագործակցության առումով: Հատկապես ուշագրավ է ժողովրդական դիվանագիտությունն ու երկու ժողովուրդների բարեկամությունը: Այսօր ստորագրած հուշագիրն էլ ավելի կամրապնդի մեր հարաբերությունները», – ասաց Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը:

Այսօր մեկնարկել է Թբիլիսիի քաղաքապետի երկօրյա պաշտոնական այցը Բաքու: Այցի ընթացքում նախատեսվում են բարձր մակարդակի հանդիպումներ տարբեր ձևաչափերով: Թբիլիսիի քաղաքապետի հետ միասին պատվիրակության կազմում է փոխքաղաքապետ Իլիա Էլոշվիլին: