Եվրոպայի երկրներին հարվածել է «Բելլա» փոթորիկը: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Բելգիայում և Ֆրանսիայում քամու արագությունը հասել է ժամում 100 կիլոմետրի: Բելգիայում, քամու ուժեղ նախազգուշացումից բացի, արքայական օդերևութաբանական ինստիտուտը՝ Լյեժի, Նամուրի և Լյուքսեմբուրգի նահանգներում հայտարարել է ավտոմոբիլային երթևեկության համար եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ:
Բրյուսելում քամու պատճառով փակվել են զբոսայգիներն ու անտառային տարածքները: Դեկտեմբերի 28-ին երկրի տարածքում սպասվում է անձրև և ձյուն:
Ուժեղ քամիներ են նաև Ֆրանսիայում: Լա-Մանշի նեղուցի որոշ հատվածներում քամին ժամում հասնում է 130 կիլոմետրի: Փոթորիկը կլինի երկրի գրեթե ամբողջ Ատլանտյան ափին և կհասնի Փարիզի շրջան: Երկրում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
«Բելլա» փոթորիկը խնդիրներ է առաջացրել նաև Բրիտանիայում և Նիդեռլանդներում: