Իսպանիայի Գերագույն դատարանը տրանսպորտի նախկին նախարարին COVID-19-ի համավարակի շրջանի կոռուպցիոն գործով դատապարտել է 24 տարվա ազատազրկման
«Եվրոնյուզի» հաղորդմամբ՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի նախկին դաշնակից և Սոցիալիստական կուսակցության ազդեցիկ դեմք, տրանսպորտի նախկին նախարար Խոսե Լուիս Աբալոսը COVID-19-ի համավարակի ժամանակ դիմակների գնումների հետ կապված կոռուպցիոն գործով դատապարտվել է 24 տարվա ազատազրկման։
Իսպանիայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ մեղավոր են ճանաչվել նաև Աբալոսի նախկին օգնական Կոլոդո Գարսիան և գործարար Վիկտոր դե Ալդաման։
Յոթ դատավորից կազմված պալատը միաձայն սահմանել է, որ երեք անձն էլ ստեղծել են հանցավոր կազմակերպություն՝ հստակ բաշխված դերերով, որի նպատակը կոռուպցիոն սխեմայով ֆինանսական օգուտներ ստանալն էր։
Աբալոսն ու Գարսիան մեղավոր են ճանաչվել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, կաշառք ստանալու, պետական միջոցները վատնելու և ազդեցության չարաշահման մեջ։
Դատարանի որոշման համաձայն՝ սխեման կապված էր COVID-19-ի համավարակի ամենաօրհասական շրջանում պետական ընկերությունների համար 13 միլիոն դիմակի գնման հետ։
Դատարանը պարզել է, որ Աբալոսը, բիզնես շահերին աջակցելու դիմաց, տարբեր տեսակի օգուտներ է ստացել։
Խոսքը տրանսպորտի նախարարին ամսական 10 000 եվրո փոխանցելու, նրա մերձավոր շրջապատի հետ կապված անձի կեցության ծախսերը հոգալու և տրանսպորտի նախարարությանը ենթակա պետական ընկերություններում երկու կնոջ աշխատանքի տեղավորելու մասին է։
«Եվրոնյուզի» փոխանցմամբ՝ դատարանի դատավճիռը լուրջ քաղաքական հարված է վարչապետ Պեդրո Սանչեսին, չնայած նրան, որ գործում անձամբ նրա մասնակցությունը չի արձանագրվել։ Աբալոսը Սանչեսի ամենամոտ համախոհներից էր նրա իշխանության գալու շրջանում և զբաղեցնում էր ինչպես տրանսպորտի նախարարի, այնպես էլ կուսակցության քարտուղարի պաշտոնը։