Եվրոպացի առաջնորդները դատապարտում են Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումները և համերաշխություն հայտնում ֆրանսիացի ժողովրդին: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության մեջ:
Եվրոպացի առաջնորդները տեղի ունեցած հարձակումները գնահատում են հարձակում Եվրոպայի արժեքների վրա:
«Մենք, եվրոպացի առաջնորդներս, ցնցված և վշտացած ենք Ֆրանսիայում իրականացված ահաբեկչական հարձակումներով: Խստիվ դատապարտում ենք այս հարձակումները, որոնք հարձակում են մեր ընդհանուր արժեքների վրա: Մենք միասնական և ամուր ենք Ֆրանսիայի, ֆրանսիացի ժողովրդի և Ֆրանսիայի կառավարության նկատմամբ համերաշխության, ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ մեր ընդհանուր պայքարում: Կոչ ենք անում աշխարհի առաջնորդներին, համայնքները և կրոնները բաժանելու փոխարեն, աշխատեն երկխոսության և փոխըմբռնման հասնելու համար»,- ասվում է Եվրամիության հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Նիցա քաղաքում դանակով զինված անձը սպանել է երեք մարդու և վիրավորել մի քանիսին: Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին: Քաղաքապետը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն: Քիչ անց, Ավինյոն քաղաքում ոստիկանությունն սպանել է զինված տղամարդու, ով սպառնում էր քաղաքացիներին: