Եվրախորհրդարանի հինգ պատգամավորներ հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ
Եվրախորհրդարանի հինգ պատգամավորներ հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ

Եվրախորհրդարանի հինգ պատգամավորներ հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ՝ նշելով, որ «դատապարտում են քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնությունը և խորը մտահոգություն են հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի հետագա վատթարացման կապակցությամբ»։

Հայտարարությունը ստորագրել են՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերը, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ Սերգեյ Լագոդինսկին, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության նախագահ Նիլս Ուշակովսը, Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի մշտական ​​զեկուցող Ռասա Յուկնևիչիենեն և 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին եվրախորհրդարանի դիտորդական առաքելության ղեկավարԱնտոնիո Լոպես-Իստիուս Վեյթը:

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Վրաստանում քաղաքական իրավիճակի հետագա վատթարացման կապակցությամբ։ Մենք ցնցված ենք այն լուրից, որ Բաթումիի հյուրանոցներից մեկում դաժան հարձակման է ենթարկվել նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, որից հետո նա հոսպիտալացվել է։ Սա խաղաղ ցուցարարների և այլախոհների նկատմամբ «Վրացական երազանք»-ի և նրա դաշնակիցների կողմից կազմակերպված բռնության ևս մեկ օրինակ է: Մենք աջակցում ենք խաղաղ ցուցարարներին, ովքեր արդեն 50 օր ամեն երեկո դուրս են գալիս Վրաստանի փողոցներ՝ իրենց երկրի ժողովրդավարական և եվրատլանտյան ապագայի համար։ Վրաստանը տարիներ շարունակ եղել է եվրատլանտյան նկրտումների չեմպիոն, որը վայելել է ժողովրդի ճնշող աջակցությունը։ Սա չի փոխվել։ Փոխվել է այն, որ «Վրացական երազանքը» խլել է վրացիների ապագան և այլևս չի ձևացնում, թե Վրաստանի համար եվրոպական ժողովրդավարություն է ուզում։ Վրաստանում վատթարացող իրավիճակը չպետք է անպատասխան մնա: Մենք կիսում ենք այն դիրքորոշումը, որ ներկայումս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վրաց ժողովրդի կամքի միակ ակնհայտ օրինական ներկայացուցիչն է։

Մենք չենք ճանաչում 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք կեղծվել են և չեն համապատասխանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին։ Մենք չենք ճանաչում այս մարմնի կողմից ընդունված որևէ որոշում։ Մենք վճռականորեն կոչ ենք անում Եվրամիությանը և նրա անդամ երկրներին անձնական պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց դեմ, ովքեր պատասխանատու են ժողովրդավարության հետընթացի համար, մասնավորապես Բիձինա Իվանիշվիլիի և Իրակլի Կոբախիձեի դեմ:

Մենք կոչ ենք անում առանձին անդամ պետություններին և համապատասխան տարածաշրջանային կազմակերպություններին զերծ մնալ ինքնահռչակ «Վրացական երազանքի» իշխանության ակտիվ լեգիտիմացումից և, այս առումով, կոչ ենք անում կասեցնել ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհուրդը։ Մենք անհապաղ պահանջում ենք, որ արտահերթ ընտրություններն անցկացվեն բարելավված ընտրական միջավայրում, որը կկառավարվի անկախ և անաչառ ընտրական վարչակազմի կողմից, միջազգային լայնածավալ դիտարկումներով՝ ապահովելու իսկապես ազատ, արդար և թափանցիկ գործընթաց, որը կներկայացնի վրաց ժողովրդի կամքը»,- այս մասին ասվում է Եվրախորհրդարանի հինգ պատգամավորների հայտարարության մեջ: