Մասուդ Փեզեշքիան. Իրանը դիմադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին, քանի որ նրանք ցանկանում են ճնշել մեզ, իսկ մենք հրաժարվում ենք ճնշումից և հպատակությունից, նրանք դրա մասին կարող են միայն երազել
Եթե Իրանն այսօր դիմադրում է Միացյալ Նահանգներին և Իսրայելին, ապա դա միայն այն պատճառով է, որ նրանք ցանկանում են ճնշել մեզ, իսկ մենք հրաժարվում ենք ճնշումից և հպատակությունից, – այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Փեզեշքիանի խոսքով՝ նրանք «նույն սատանաներն են, ովքեր Իրանին մեղադրում են ահաբեկչության մեջ»:
«Մե՞նք ենք ահաբեկիչները, թե՞ դուք, որ աչք փակելու պահին 168 անմեղ երեխայի եք սպանում միայն այն պատճառով, որ ունեք առաջադեմ տեխնոլոգիաներ: Մե՞նք ենք ահաբեկիչները, թե՞ դուք, որ ռմբակոծում և ոչնչացնում եք համալսարանները, գիտնականներին և մարդկանց: Եթե նրանք պատերազմի մարդիկ են, ապա պետք է կռվեն մարտի դաշտում: Ի՞նչ գործ ունեն նրանք ժողովրդի ենթակառուցվածքների, հացի և ապրուստի միջոցների հետ – ինչո՞ւ են դրանք ոչնչացնում: Եթե նրանք մարդ են, ինչո՞ւ են սահմանափակում մարդկանց հասանելիությունը ջրին, սննդին, հացին և կապին: Որովհետև ճնշմամբ չեն կարող ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել: Նրանք ցանկանում են պակասուրդի (դեֆիցիտի) և կապի անջատման միջոցով ստիպել, որ հանձնվեն, բայց իրանցի ժողովուրդը չի հանձնվի: Սա այն եզրակացությունն է, որին մենք հանգել ենք մեր մարդկային և կրոնական հայացքների հիման վրա: Մենք հավատում ենք, որ մարդիկ ենք, և հավատում ենք, որ այս աշխարհում ապրող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ – ոչ ավել, ոչ պակաս», – նշել է Փեզեշքիանը:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները չի ցանկանում, որ Իրանը մնա անկախ:
«Նա (ԱՄՆ-ն) ամեն ինչ անում է, որպեսզի խանգարի մեզ ծառայել մեր ժողովրդին, իսկ հետո ասի նրանց. «Տեսնո՞ւմ եք, նրանք չեն կարողանում դա անել, նրանք ստում են»: Հենց այսպես են ցանկանում փաթաթել իրենց չար նպատակները մեր երկրի վզին: Սրա մեջ ուրիշ ոչինչ չկա: Այն բանից հետո, երբ մեր հեղափոխությունը հաղթեց, նրանք օրեցօր ուժեղացնում են պատերազմը, պառակտումը և պատժամիջոցները մեր հասարակության դեմ: Նրանք ցանկանում են մեր հասարակության մեջ անհամաձայնություն և պառակտում ստեղծելով հասնել իրենց նպատակներին: Բոլոր մարդիկ հավասար են, բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ և կարող են մյուսների հետ միասին ապրել արդարության և հավասարության պայմաններում: Սա է այն, ինչ մենք ուզում ենք, և այն, ինչ նրանք չեն ուզում: Ո՞վ է ասել, թե աշխարհի որևէ կառավարություն իրավունք ունի այլ կառավարությունների ստիպել ենթարկվել իր չար նպատակներին: Ինչո՞ւ: Ո՞վ է ասել, թե մեկ կառավարություն պետք է որոշի ամբողջ աշխարհի բախտը, այնինչ մյուսները ոչ մի իրավունք չունեն և պարտավոր են ամեն ինչում ենթարկվել նրա ցանկությանը: Սա է այն, ինչ մենք չենք ընդունի, և հենց դրա համար էլ գին ենք վճարում: Քանի որ մենք ողջ ենք և ձգտում ենք ճշմարտությանն ու արդարությանը, չենք խոնարհվի ճնշման, բռնապետության և ահաբեկման առջև: Նրանք դրա մասին կարող են միայն երազել», – հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը: