Ճապոնիայի կառավարության փորձագիտական խումբը սկսել է «օտարերկրյա գործակալների գրանցման համակարգի» ներդրման շուրջ քննարկումները
Ճապոնիայի կառավարության փորձագետների խումբը քննարկումներ է սկսել «օտարերկրյա գործակալների գրանցման համակարգի» ներդրման վերաբերյալ: Այս համակարգը երկրի կողմից լրտեսության դեմ օրենսդրության մշակման առաջին փուլն է: Այս մասին հայտնել են ճապոնական լրատվամիջոցները:
Համակարգի համաձայն՝ այն անհատներն ու կազմակերպությունները, որոնք լոբբիստական գործունեությամբ են զբաղվում Ճապոնիայում օտարերկրյա կառավարությունների անունից կամ նրանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա, պարտավոր կլինեն գրանցվել Ճապոնիայի կառավարությունում:
Լրատվամիջոցների տվյալներով՝ Տոկիոն հույս ունի, որ այս քայլը կբարելավի նման գործունեության թափանցիկությունը:
Հաղորդումների համաձայն՝ կառավարությունը կարող է սկսել ազգային հետախուզական ռազմավարության մշակումը ընթացիկ ֆինանսական տարում: Մինչ այդ, փորձագիտական խումբը կմշակի առաջարկներ գրանցման համակարգի վերաբերյալ: Կառավարությունը հույս ունի համապատասխան օրինագիծ ներկայացնել հաջորդ տարի խորհրդարանական նստաշրջանի ընթացքում:
Ճապոնիայի ազգային ոստիկանության գործակալության ներկայացուցիչը նշել է, որ անհրաժեշտ է պատիժներ կիրառել չարամիտ մտադրությամբ կատարված գործողությունների համար:
«Վերջին տարիներին քաղաքական և վարչական գործընթացների վրա ազդելուն ուղղված գործունեությունն աճել է, ուստի մեզ անհրաժեշտ է օրենսդրություն հնարավորինս շուտ», – ասել է ներկայացուցիչը:
Հանդիպման ժամանակ կառավարությունը ներկայացրեց «օտարերկրյա գործակալների գրանցմանը» նման իրավական համակարգերի օրինակներ, որոնք գործում են Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։