Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Եվրոպայի անվտանգության երաշխիքն է, քանի որ Եվրոպան դեռևս չունի նման հզոր բանակ
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Եվրոպայի անվտանգության երաշխիքն է, քանի որ Եվրոպան դեռևս չունի նման հզոր բանակ, – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նաև խոսել է ԱՄՆ-ում ընթացող քննարկումների մասին՝ կապված Եվրոպայում ամերիկյան զորքերի ապագա դերի հետ:
Ինչպես նշել է Զելենսկին, հարց է բարձրանում, թե արդյոք Միացյալ Նահանգները կավելացնի՞ իր ներկայությունը աշխարհամասում՝ հաշվի առնելով ռուսական սպառնալիքը, թե՞, ընդհակառակը, կկրճատի այն:
Զելենսկին բերել է ևս մեկ փաստարկ՝ Ուկրաինայի անդամակցության շնորհիվ ՆԱՏՕ-ի ուժեղացումը: Սա վերաբերում է նոր միայն զենքին, այլև ուկրաինական ռազմական տեխնոլոգիաներին, մարտական փորձին և բանակի ներուժին: Ուկրաինայի նախագահը հիշատակել է «Ռուսաստանի անվտանգության երաշխիքների» հարցը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններից հետո ամերիկյան կողմը հաճախ վերադառնում է այն դիրքորոշմամբ, որ Ուկրաինան կարող է անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից և ֆինանսական աջակցություն Եվրոպայից, մինչդեռ Ռուսաստանը հարցը կապում է սեփական երաշխիքների հետ:
«Մի կողմից, տարօրինակ է հնչում, որ ագրեսորը անվտանգության երաշխիքներ է պահանջում: Այո՛, բայց դա նաև ցույց է տալիս, որ նրանք այլևս իրենց այնքան ուժեղ չեն զգում, որքան պատերազմի սկզբում կամ որքան կարծում էին», – հայտարարել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի համար որոշակի «երաշխիք» կստեղծի, քանի որ Ուկրաինան չի կարողանա ռազմական ճանապարհով վերադարձնել բռնազավթված տարածքները, և տարածքային հարցերը պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհով:
«Ուստի, իմ կարծիքով, ՆԱՏՕ-ի հարցն արդիական է բոլոր կողմերի համար: Հավատացած եմ, որ ՆԱՏՕ-ի և Եվրոմիության հարցը կարող է լինել այս սարսափելի պատերազմից դուրս գալու ճանապարհներից մեկը», – նշել է Ուկրաինայի նախագահը: