Եվրամիությունը «կովիդ 19»-ի ճգնաժամը հաղթահարելու համար Վրաստանին հատկացրել է 60 միլիոն եվրո դրամաշնորհ
Եվրամիությունը «կովիդ 19»-ի ճգնաժամը հաղթահարելու համար Վրաստանին հատկացրել է 60 միլիոն եվրո դրամաշնորհ

Եվրամիությունն այսօր 60 միլիոն եվրոյի (մոտավորապես 240 միլիոն լարի) դրամաշնորհ է հատկացրել Վրաստանին,  «կովիդ 19»-ի ճգնաժամը հաղթահարելու համար: Այս միջոցները նախատեսված են Վրաստանի կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրի իրականացմանը աջակցելու համար,- այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը:

«Եվրոպական միությունը շարունակում է համառորեն աջակցել Վրաստանին համավարակի ընթացքում: 240 միլիոն լարի դրամաշնորհը այն 1,5 միլիարդ լարի դրամաշնորհի մի մասն է, որը կենտրոնացվել է Եվրամիության և Եվրոպական թիմի կողմից այս տարվա գարնանը և որը նպատակ ունի աջակցելու Վրաստանի կառավարությանը համաճարակի դեմ պայքարում, ինչպես նաև աջակցելու Վրաստանի քաղաքացիներին, հաղթահարելու շատ սուր մարտահրավերները,- հայտարարել է Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելը:

«Այս միջոցները առաջին մասնաբաժինն է այն 75 միլիոն եվրոյից (մոտ 300 միլիոն լարի), որը նախատեսված է «կովիդ 19»-ի դեմ Վրաստանի կայունության համաձայնագրով և որի միջոցով Եվրամիությունը Վրաստանին կօգնի իրականացնել իր հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը: Ծրագիրը ներառում է գործողություններ, որոնք ուղղված են եկամտի աղբյուրների կորստի հետևանքով բացասական ազդեցությունների նվազեցմանը, աշխատատեղերի պահպանմանը, բիզնեսի աջակցությանը և առողջապահական համակարգի ամրապնդմանը:

Եվրամիության օգնության հիմնական նպատակն է աջակցել Վրաստանի քաղաքացիներին և բիզնեսին, համավարակի բացասական հետևանքները վերականգնելու գործում: Այս միջոցների տեղաբաշխման մասին որոշումն ընդունվել է կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրի, տնտեսական քաղաքականության, պետական ​​ֆինանսական ռեսուրսների կառավարման և բյուջեի թափանցիկության հաստատումից հետո:

Մնացած միջոցները կհատկացվեն կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների գնահատման հիման վրա, որոնք վերաբերելու են՝ սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելուն, ձեռնարկությունների աջակցությանը՝ աշխատատեղերը պահպանելու ուղղությամբ և ինտենսիվ թերապիայի մահճակալների քանակն ավելացնելուն: Այս տրանշին նախորդել էր 100 միլիոն եվրոյի (մոտավորապես 400 միլիոն լարի) վարկ `մակրոֆինանսական օգնության համար, որն իրականացվել էր այս տարվա նոյեմբերի 25-ին: Երկու տրանշն էլ կազմում է այն հիմնական 1,5 միլիարդ լարի ընդհանուր օգնության փաթեթի մաս, որը ներառում է նաև աջակցություն Վրաստանի առողջապահական համակարգին, սոցիալական ոլորտին և տնտեսության վերականգնմանը», – ասված է Վրաստանում Եվրամիության պատվիրակության հայտարարության մեջ: