Երուսաղեմում Բենյամին Նեթանյահուի հրաժարականի պահանջով տեղի է ունեցել հերթական բողոքի ակցիան
Երուսաղեմում հազարավոր մարդիկ կրկին պահանջել են վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը: Բողոքի ակցիայի մասնակիցները Իսրայելի կառավարության ղեկավարին մեղադրում են, կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու ժամանակ ոչ պատշաճ քայլերի և կոռուպցիայի մեջ:
Համեմատաբար փոքրաթիվ ցույցեր են տեղի ունեցել նաև Իսրայելի այլ քաղաքներում: Ցուցարարները հավաքվել էին նաև Կեսարիայում գտնվող Նեթանյահուի առանձնատան մոտ:
Իսրայելում համավարակաբանական իրավիճակը սրվել է մայիսից հետո: Այս փուլում գրանցված է վարակման 113 000 դեպք, իսկ մահացածների թիվը մոտենում է հազարին: Համավարակի պատճառով շատ փոքր ձեռներեցներ և ինքնազբաղվածներ մնացին առանց աշխատանքի, ինչը նպաստեց երկրում հակակառավարական ցույցերի ալիքին: