Յաղլուջայի լեռնազանգվածում սկսվում է հողամասերի գրանցումը

14:01, 17.11.2026
Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ սկսվում է Յաղլուջայի լեռնազանգվածում գտնվող հողամասերի գրանցման հետ կապված բազմամյա խնդրի լուծումը։ Տեղեկատվությունը տարածում է արդարադատության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հարցի ուսումնասիրման և դրա իրավական կարգավորման համար արդարադատության նախարարի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են արդարադատության նախարարության հանրային ռեեստրի ազգային գործակալությունը, համապատասխան մունիցիպալիտետները և պետական այլ գերատեսչություններ։
«Աշխատանքային խումբը, հաշվի առնելով հարցի համալիրությունն ու բարդությունը, ուսումնասիրել է առկա տեղեկատվությունն ու փաստաթղթերը, տարածքի առանձնահատկությունները և սահմանել է խնդրի լուծման իրավական ուղիներն ու ընթացակարգերը։ Գրանցման գործընթացը սկսվում է այն քաղաքացիների համար, ովքեր տարիներ շարունակ դժվարություններ են ունեցել Յաղլուջայի լեռնազանգվածում գտնվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման հարցում։ Գրանցման գործընթացում համապատասխան գերատեսչություններն ըստ անհրաժեշտության կներգրավվեն յուրաքանչյուր հարցի ուսումնասիրման նպատակով, կգնահատեն քաղաքացիների ձեռքի տակ եղած փաստաթղթերն ու իրավական հիմքերը։ Դրա հիման վրա հանրային ռեեստրի ազգային գործակալությունը կկայացնի որոշում՝ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Այն քաղաքացիներին, ովքեր մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հանրային ռեեստրի թվային հարթակում (Slr.napr.gov.ge) ներկայացրել են հողամասի չափագրման պահանջով դիմում, այս փուլում կրկին դիմում ներկայացնել կամ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել պետք չէ։ Գործակալությունն արդեն տիրապետում է նրանց ներկայացրած պահանջներին և կդիտարկի դրանք գործընթացի շրջանակներում։ Մասնավորապես, հանրային ռեեստրն ինքը կհայթայթի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք օրենքով պարտադիր են գրանցման համար։ Յաղլուջայի լեռնազանգվածում գտնվող հողամասերի վերաբերյալ շահագրգիռ անձինք մոտ ապագայում ծանուցում կստանան գրանցման գործընթացի մեկնարկի և լրացուցիչ փաստաթղթերի մասին, որոնց ներկայացումը, հնարավոր է, անհրաժեշտ դառնա արդարադատության տներում և հանրային ռեեստրի մասնաճյուղերում։ Այն քաղաքացիները, ովքեր ունեն հողամասի նկատմամբ սեփականությունը հաստատող փաստաթղթեր, նույնպես կարող են դիմել հանրային ռեեստրի ազգային գործակալություն՝ սպորադիկ գրանցման պահանջով։ Յուրաքանչյուր դիմում կդիտարկվի անհատապես՝ օրենսդրությանը համապատասխան», – ասված է տարածված տեղեկատվության մեջ։

Նմանատիպ