«Բիլդ». Հարցման համաձայն՝ գերմանացիների 58%-ը պահանջում է արտահերթ ընտրությունների անցկացում
INSA հետազոտական ինստիտուտի կողմից անցկացված հարցման համաձայն՝ գերմանացիների 58%-ը պահանջում է արտահերթ ընտրությունների անցկացում։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Բիլդը»։
Հետազոտության տվյալներով՝ հարցվածների միայն 26%-ն է ցանկանում, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի «Քրիստոնեա-դեմոկրատական միության» (CDU) և «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» (SPD) կոալիցիան իշխանության մնա մինչև 2029 թվականը։
Միևնույն ժամանակ, այն հարցին, թե արդյոք կքվեարկեին նույն կուսակցության օգտին, որին աջակցել են 2025 թվականին, 59%-ը դրական է պատասխանել, իսկ 25%-ը հայտարարել է, որ կքվեարկեր այլ կուսակցության օգտին։
Ինչպես գրում են գերմանական լրատվամիջոցները, հարցման արդյունքները զգալիորեն տարբերվում են ըստ հարցվողների կուսակցական համակրանքների։ «Քրիստոնեա-դեմոկրատական միության» աջակիցների 60%-ը և «Սոցիալ-դեմոկրատների» ընտրողների 50%-ը կարծում են, որ Ֆրիդրիխ Մերցը պետք է իշխանության մնա մինչև 2029 թվականը։ Մինչդեռ այլ կուսակցությունների աջակիցների մեծամասնությունը կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը։
INSA-ի կողմից հետազոտությունն անցկացվել է նոյեմբերի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում՝ առցանց ռեժիմով։ Ընդհանուր առմամբ հարցվել է 1790 մարդ։