Վրաստանի փոխվարչապետ Մարիամ Քվրիվիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն
Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ կանցկացնի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ։
Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությամբ՝ այցի շրջանակներում նախատեսված է Վրաստանի փոխվարչապետի հանդիպումը Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մարիամ Քվրիվիշվիլին կհանդիպի նաև վարչապետ Ալի Ասադովին։ Այցի ընթացքում հանդիպումներ կկայանան ոլորտային նախարարների հետ։
Միևնույն ժամանակ, հանդիպումների շրջանակներում կողմերը կքննարկեն երկու երկրների միջև տնտեսական և էներգետիկ համագործակցության հարցեր, ընթացիկ և նախատեսվող համատեղ նախագծեր, ինչպես նաև ռազմավարական գործընկերության հետագա խորացման հնարավորությունները։
Մարիամ Քվրիվիշվիլին Ադրբեջան է մեկնել պատվիրակության հետ միասին։ Պատվիրակության կազմում են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալներ Գենադի Արվելաձեն և Ինգա Փխալաձեն, ինչպես նաև «Վրաստանի պետական էլեկտրահամակարգի» գլխավոր տնօրեն Դավիթ Վարդիաշվիլին և անվտանգության ու մոնիթորինգի հարցերով տնօրեն Լևան Ցխվեդիանին։