Այսօրվանից Վրաստանում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը:
Ինչպես հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ, Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը ստացել է «Սինովակ» և «Սինոֆարմ» պատվաստանյութերի միլիոն դեղաչափ և երկիրը պատրաստ է հուլիսի 5-ին սկսել զանգվածային պատվաստումները: Ստացած պատվաստանյութի 500 000 դեղաչափը «Սինոֆարմն» է, իսկ մյուս 500 000-ը «Սինովակը»:
Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Վրաստան կբերվի պատվաստանյութերի լրացուցիչ միլիոն դեղաչափ:
Առողջապահության նախարարությունում ասում են, որ պատվաստումների համար ամբողջ երկրում կենտրոնացվել է պատվաստողների մինչև 350 խումբ:
«Աշխարհագրական հասանելիությունն ապահովելու համար, Առողջապահության նախարարությունն արդեն մշակել է պատվաստանյութերի բաշխման համազգային սխեմա», – հայտնել են առողջապահության նախարարությունից:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխանցմամբ, պատվաստումների ամրագրման էլեկտրոնային պորտալը, որը կիբերհարձակման պատճառով դադարեցրել էր գործունեությունը հուլիսի 3-ին, վերականգնվել է:
Նրանց խոսքով, երեկ ՝ ժամը 19:00-ին, էլեկտրոնային պորտալում գրանցվել է «Սինոֆարմ» պատվաստանյութով պատվաստում ցանկացողների մինչև 14 000 ամրագրում:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, պատվաստումների համար գրանցման պորտալում ուշացում չկա: Նրա խոսքով, տեխնիկական խնդիրների դեպքում քաղաքացիները կկարողանան գրանցվել կլինիկաներում: