Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ հետ
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունում։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Բաքվում նախարարը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։
«Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին՝ մեր երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար։
Հանդիպմանը նախարարները քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության խնդիրները, խոսել սպառնալիքների և մարտահրավերների մասին։ Կողմերն ընդգծել են երկկողմ և բազմակողմ միջազգային համագործակցության խորացման և ամրապնդման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, երկկողմ քննարկման ընթացքում առանձնահատուկ տեղ է հատկացվել բազմազգ զորավարժություններին ադրբեջանցի զինվորականների մասնակցությանը, ինչպես նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը։
Նշվել է, որ Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համատեղ զորավարժություններն ու ուսուցումները, փորձագիտական մակարդակով հանդիպումներն էլ ավելի են մերձեցնում մեր երկրի զինվորականներին և ամրապնդում փոխհամատեղելիությունը։ Ավելի ուշ Ջուանշեր Բուրճուլաձեն և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ստորագրել են 2022 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը»,- ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։