Ջուանշեր Բուրճուլաձեն ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հանդիպմանը
Ջուանշեր Բուրճուլաձեն ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հանդիպմանը

Բրյուսելում ընթացող, ՆԱՏՕ-ի պաշտպանության մինիստերիալի երկրորդ օրը մեկնարկել է Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների մակարդակով՝ Հյուսիսատլանտյան խորհրդի նիստով:

Նիստը բացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ քննարկել եվրատլանտյան անվտանգության մարտահրավերները։

Վրաստանի պաշտպանության նախարարը ելույթ է ունեցել դաշինքի անդամ երկրների և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հանդիպմանը։ Ջուանշեր Բուրճուլաձեն ամուր աջակցություն և հարգանք է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և ընդգծել տարածաշրջանում կայունության և խաղաղության անհրաժեշտությունը։

Նախարարը խոսել է Վրաստանի և Ուկրաինայի ընդհանուր մարտահրավերի մասին և նշել, որ Ռուսաստանից եկող սպառնալիքները վտանգում են վրացի և ուկրաինացի ժողովրդի անվտանգությունն ու ազատությունը։ Նրա խոսքով, այս մարտահրավերներին զուգահեռ Վրաստանը շարունակում է պաշտպանական բարեփոխումներ իրականացնել՝ պաշտպանական կարողությունները զարգացնելու և ՆԱՏՕ-ի հետ փոխգործունակությունը բարելավելու համար։

Ջուանշեր Բուրճուլաձեն իր ելույթում կենտրոնացել է նաև Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների վրա՝ նշելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն անսասան ռազմավարական ընտրություն է։ Անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար նա խոսել է Դաշինքի և ռազմավարական գործընկերների ավելի մեծ ներգրավվածության, ՆԱՏՕ-ի սևծովյան ռազմավարության անհրաժեշտության և բաց դռների քաղաքականության հիմնարար սկզբունքների մասին:

Ջուանշեր Բուրճուլաձեն վերանայել է նաև Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները և նշել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի և ԱՄՆ-ի աջակցությամբ Վրաստանը հաջողությամբ զարգացնում է ինստիտուցիոնալ, ուսումնական և նյութատեխնիկական կարողությունները։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։