Վրաստանի գլխավոր դատախազը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամների հետ
Վրաստանի գլխավոր դատախազը հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամների հետ

Վրաստանի գլխավոր դատախազ Գիորգի Գաբիտաշվիլին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ գլխավոր դատախազությունում կայացած հանդիպմանը մասնակցել են գլխավոր դատախազի առաջին տեղակալ Գիորգի Բադաշվիլին, Հատուկ քննչական ծառայության քննչական ընթացակարգերի կառավարման վարչության պետ Ամիրան Գուլուաշվիլին, միջազգային կապերի և իրավական աջակցության վարչության պետ Իրակլի Չիլինգարաշվիլին։

«Վրաստանի գլխավոր դատախազը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի անդամներին տեղեկատվություն է տրամադրել Ռուսթավելիի պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից իրականացված անօրինական գործողությունների և Վրաստանի դատախազության կողմից անցկացված միջոցառումների մասին։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը»,- ասված է Վրաստանի դատախազության հաղորդագրությունում։