Վոլոդիմիր Զելենսկին պատերազմական դրության պայմաններում ստորագրել է միասնական տեղեկատվական քաղաքականության իրականացման մասին կարգադրությունը

17:07, 20.03.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, պատերազմական դրության իրավիճակում տեղեկատվական միասնական քաղաքականության իրականացման մասին։

Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրում։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նախագահի հրամանագրի համաձայն՝ պատերազմական իրավիճակում բոլոր ազգային հեռուստաընկերությունները պետք է միավորվեն ռազմավարական հաղորդակցության մեկ տեղեկատվական հարթակի վրա, ինչը նշանակում է 24-ժամյա լրատվական մարաթոն։

Նախագահի կարգադրությունը քննադատել է Պետրո Պորոշենկոյի՝ «Եվրոպական համերաշխություն» խմբակցության անդամ, «Էսպրեսսո» հեռուստաընկերության հիմնադիր Նիկոլայ Կնյաժիցկին և այն անվանել անարդար և անօրինական։

Իր հերթին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ուկրաինսկայա պրավդա»-ին ասել է, որ նախագահի հրամանագրով չի նախատեսվում փակել հեռուստաընկերությունները։

«Խոսքը գնում է միասնական ազգային հեռուստամարաթոնին մասնակի կամ ամբողջությամբ մասնակցելու անհրաժեշտության մասին, սակայն ալիքներն ունեն ստեղծագործական որոշակի ազատություն։«Ուրիշ բան, որ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ հեռուստատեսությամբ պետք է լինի քիչ թե շատ միատեսակ տեղեկատվական քաղաքականություն»,- ասել է Պոդոլյակը։

Նմանատիպ