Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մենք ուշադրություն չենք դարձնում զրպարտություններին այն մարդասպանների ցանցի կողմից, որոնց ձեռքերը թաթախված են 73 000 անմեղ գազացիների արյան մեջ, մեր պատմության մեջ ցեղասպանություն չի եղել

11:21, 01.07.2026

Մեր պատմության մեջ չի եղել ո՛չ ցեղասպանություն, ո՛չ զանգվածային ջարդեր, ո՛չ ճնշումներ և ո՛չ էլ գաղութատիրություն. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

«Մենք ոչ մի ուշադրություն չենք դարձնում մեր երկրի դեմ ուղղված զրպարտություններին այն մարդասպանների ցանցի կողմից, որոնց ձեռքերը թաթախված են 73 000 անմեղ գազացիների, այդ թվում՝ հիմնականում երեխաների և կանանց արյան մեջ։ Մեր պատմության մեջ չի եղել ո՛չ ցեղասպանություն, ո՛չ զանգվածային ջարդեր, ո՛չ ճնշումներ և ո՛չ էլ գաղութատիրություն»,- հայտարարել է Էրդողանը նախարարների կաբինետի նիստից հետո։

Ինչպես նշել է Էրդողանը, Իսրայելի կողմից ընդունված որոշումն արժեզրկվում է ինչպես «Գազայում նրանց բարբարոսական գործողություններով», այնպես էլ Թուրքիայի պատմությամբ, որը կապված է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին Հոլոքոստից փրկելու հետ։

«Մենք վաստակ ունենք նացիստական հալածանքներից փախածներին պաշտպանելու գործում։ Նրանք, ովքեր զրպարտում են Թուրքիային և թուրք ազգին, դա ամենից լավ գիտեն, եթե հետ նայեն սեփական պատմությանը»,- նշել է Էրդողանը։

Ի գիտություն՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հունիսի 28-ին հայտարարել է, որ երկրի կառավարությունը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։ Համապատասխան օրինագիծը քննարկման համար կմտնի Քնեսեթի լիագումար նիստ, որտեղ այն վերջնականապես քվեարկության կդրվի։

Որպես Հայոց ցեղասպանություն ճանաչված իրադարձությունները կապված են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների և տեղահանությունների հետ։

Նմանատիպ