Հայտարարվել է միջազգային մրցույթ՝ քաղաքային երկաթուղային միջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորվածությունը ուսումնասիրելու համար

11:58, 01.07.2026

Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Վրացական երկաթուղի» ընկերության հետ համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել քաղաքային երկաթուղային միջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորման հետազոտություն, ինչի համար հայտարարվել է միջազգային տենդեր։ Այս մասին այսօր մայրաքաղաքի կառավարության նիստում նշել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ հետաքրքրվածության արտահայտման ժամկետը սահմանված է մինչև հուլիսի 13-ը։

«Միջազգային տենդերը հայտարարվել է Ասիական զարգացման բանկի գնումների կանոններով, և հետաքրքրվածության արտահայտման համար սահմանված ժամկետը կավարտվի հուլիսի 13-ին։ Ծրագրի հայեցակարգը հիմնված է Թբիլիսիի կայուն քաղաքային շարժունակության պլանի վրա, որը նախատեսում է երկաթուղային առկա ենթակառուցվածքների օգտագործմամբ մայրաքաղաքի կապումը Մցխեթայի, Ռուսթավիի, Թբիլիսիի միջազգային օդանավակայանի և արևելյան շրջանների հետ։ Սա հիմնականում ենթադրում է գոյություն ունեցող երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործում, թեև անհրաժեշտության դեպքում հնարավոր է դիտարկել նաև նոր երկաթուղային հատվածների կամ շրջանցիկ գծերի կառուցումը»,- հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետը։

Կախա Կալաձեի խոսքով՝ ծրագիրը նպատակաուղղված է ինչպես մանրամասն տեխնիկատնտեսական հետազոտության իրականացմանը, այնպես էլ բնապահպանական, սոցիալական և ֆինանսական կողմերի գնահատմանը։

«Ծրագրի նպատակն է, որ որակավորված խորհրդատվական ընկերության կողմից անցկացվի մանրամասն տեխնիկատնտեսական հետազոտություն, որը կորոշի Թբիլիսիի ագլոմերացիայում քաղաքային երկաթուղային միջանցքի զարգացման լավագույն այլընտրանքները։ Նաև կգնահատվեն բնապահպանական, սոցիալական և ֆինանսական կողմերը։ Մրցույթին մասնակցող ընկերություններից կընտրվի լավագույն հավակնորդը, իսկ համապատասխան տենդերային ընթացակարգերից հետո կսկսվեն հետազոտական աշխատանքները։ Դրանից հետո մենք կունենանք ծրագրի իրականացման հետ կապված ամբողջական պատկերը և մանրամասն տեղեկատվություն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս ուղղությամբ։ Ծրագիրը մայրաքաղաքի տրանսպորտային պլանի մասն է կազմում և իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ»,- նշել է Կախա Կալաձեն։

Նրա իսկ խոսքով՝ հետազոտության գործընթացի տեխնիկական վերահսկողությունն ու համակարգումը կիրականացնի Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքային զարգացման գործակալությունը։

Նմանատիպ