Վոլոդիմիր Զելենսկի. Եռակողմ ձևաչափը եղել է կառուցողական և բովանդակալից, կողմերը քննարկել են հումանիտար քայլերի անհրաժեշտությունը, պատերազմի կրկնությունից խուսափելու համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ
Եռակողմ ձևաչափը կառուցողական և բավականին բովանդակալից էր, կողմերը քննարկել են հումանիտար քայլերի անհրաժեշտությունն ու դրանց հնարավոր պարամետրերը, – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպմանը մանրամասն քննարկվել են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների էությունը և այն երաշխիքների հիմքերը, որոնք կապահովեն դրանց երկարաժամկետ գործողությունը։
«Պատերազմի կրկնությունը կանխելու համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ։ Նաև խոսքը վերաբերել է դեէսկալացիային ուղղված քայլերին։ Իմ թիմին հստակ ցուցումներ եմ տվել հետագա երկխոսության համար՝ ինչպես վաղվա եռակողմ ձևաչափում, այնպես էլ առաջիկա օրերին ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների և եվրոպացի գործընկերների հետ։ Գլխավոր նպատակը խաղաղությանն իրապես մոտենալն է։ Ուկրաինայի կողմից կլինի միայն արդյունավետ, բարձրորակ և անկեղծ աշխատանք։ Շնորհակալություն եմ հայտնում ամերիկյան կողմին՝ բանակցությունների կազմակերպման համար, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններին՝ հուսալի հարթակ ապահովելու համար», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։