Վոլոդիմիր Զելենսկի. Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել բոլոր եվրոպացիների բնականոն կյանքը
Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել բոլոր եվրոպացիների բնականոն կյանքը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բնակչությանն ուղղված իր ամենօրյա ուղերձում։
Ուկրաինայի նախագահը արձագանքել է «Գազպրոմի» կողմից Եվրոպա բնական գազի մատակարարումների դադարեցմանը։
«Այս օրերին Ռուսաստանը փորձում է էլ ավելի մեծացնել էներգետիկ ճնշումը Եվրոպայի վրա։ Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել բոլոր եվրոպացիների բնականոն կյանքը՝ մեր մայրցամաքի բոլոր երկրներում։ Նա ցանկանում է թուլացնել ու վախեցնել ողջ Եվրոպային, բոլոր պետություններին։ Այնտեղ, որտեղ Ռուսաստանը չի կարող դա անել սովորական սպառազինությամբ, նա դա անում է էներգետիկ զենքով: Նա փորձում է հարվածել աղքատությամբ և քաղաքական քաոսով, որտեղ դեռ չի կարող հրթիռներով հարվածել»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ավելի շատ միասնություն, ավելի շատ համակարգում և ավելի շատ փոխօգնություն։
«Այս ձմռանը Ռուսաստանը պատրաստվում է վճռական էներգետիկ հարվածի բոլոր եվրոպացիներին, և դրա հիմնական պատասխանը պետք է լինի երկու բան. Առաջինը՝ մեր միասնությունը՝ միասնությունը պաշտպանվելու համար ահաբեկչական պետության դեմ, և երկրորդը՝ մեծացնելով մեր ճնշումը Ռուսաստանի վրա, դա և՛ պատժամիջոցների ուժեղացումն է բոլոր մակարդակներում, և՛ ռուսական նավթագազային եկամուտների սահմանափակման կրճատումը։ Ինչքան միասին հարվածենք, այնքան այդ ահաբեկիչները ավելի քիչ կկարողանան հարվածել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։