Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հարաբերություններն ավելի կարևոր են, քան երբևէ

19:15, 20.11.2026

Մեծ Բրիտանիայի և Եվրամիության հարաբերություններն ավելի կարևոր են, քան երբևէ,- այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը նշում է, որ շրջակա աշխարհը արագ փոխվում է, ինչը Եվրամիության և Միացյալ Թագավորության միջև ավելի ամուր գործընկերությունն էլ ավելի կարևոր է դարձնում։

Նրա խոսքով՝ Եվրամիությունն ու Միացյալ Թագավորությունը շահագրգռված են միմյանց հաջողությամբ և նաև պատասխանատվություն են կրում այդ մերձեցումը վերածելու ընդհանուր ուժի և բարեկեցության։

Ֆոն դեր Լայենը հայտարարում է, որ Միացյալ Թագավորության ուսանողները կրկին «կմասնակցեն Erasmus+ ծրագրին»։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն ու Միացյալ Թագավորությունն ավարտել են երիտասարդների շարժունակության սխեմայի վերաբերյալ բանակցությունները։ Եվրահանձնաժողովի նախագահի պարզաբանմամբ՝ այս սխեման 100 000 երիտասարդի հնարավորություն կտա մինչև երեք տարի անցկացնել «միմյանց երկրներում», որտեղ նրանք կկարողանան աշխատել, ճանապարհորդել, սովորել և ներգրավվել կամավորական գործունեության մեջ։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ այս ծրագիրը կարևոր է, քանի որ հենց երիտասարդներն են «որոշում ապագան»։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում է, որ ավարտվել են պարենային և գյուղատնտեսական այլ ապրանքների հետ կապված համաձայնագրերի շուրջ բանակցությունները։

«Սա մեծ հաջողություն է։ Սա երկկողմանի գործընթաց է»,- հայտարարում է ֆոն դեր Լայենը և նշում, որ արդյունքում սպառողների համար ծախսերը կնվազեն։

Ավարտվել են նաև ածխածնային շուկաների միացման վերաբերյալ բանակցությունները։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ դա կնպաստի արտանետումների կրճատմանը և ավելի մաքուր արդյունաբերություններում ներդրումների ներգրավմանը։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ դա նշանակում է «ներմուծվող հանածո վառելիքից չափազանց մեծ կախվածության» նվազեցում։ Ֆոն դեր Լայենը նաև նշել է, որ Միացյալ Թագավորությունն ու Եվրամիությունը երկխոսություն են սկսում տնտեսական անվտանգության հարցերի շուրջ՝ մատակարարման առանցքային շղթաներն ավելի լավ պաշտպանելու նպատակով։ Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությամբ՝ առևտրային դաշինքն ու Միացյալ Թագավորությունը սկսում են նաև թվային գործընկերություն և «ունեն համատեղ նորարարությունների ստեղծման հսկայական ներուժ»։

Որպես օրինակ՝ ֆոն դեր Լայենը նշել է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արհեստական բանականությունը և քվանտային տեխնոլոգիաները։

«Մենք ամրապնդում ենք ընդհանուր անվտանգությունը։ Երեկ մենք հանդիպեցինք Բեռլինում՝ «Կամեցողների կոալիցիայի» գագաթնաժողովում, որտեղ առաջնորդներն ընդգծեցին Եվրոպայի միասնականությունն ու ուժը։ Մենք միասնականությամբ և ուժով կավարտենք Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը։ Պատերազմից հետո մենք խաղաղությունը կպահպանենք միայն եվրոպական միասնականությամբ և ուժով։ Վերջին հինգ տարիները մեզ ցույց տվեցին եվրոպական միասնականությունն ու ուժը, և դա հատկապես վերաբերում է Եվրամիությանն ու Բրիտանիային։ Անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը մեզ ամուր հիմք է տալիս։ Մենք սերտորեն կաշխատենք պաշտպանական կարողությունների և ռազմական շարժունակության ուղղությամբ և ավելի լավ կպաշտպանենք կրիտիկական նշանակության ենթակառուցվածքները։ Մենք ճանապարհ ենք բացում Բրիտանիայի մասնակցության համար մեր քաղաքացիական անվտանգության և պաշտպանության առաքելություններին, և մենք նաև կուժեղացնենք համագործակցությունը հիբրիդային սպառնալիքների, հիբրիդային հարձակումների և օտարերկրյա միջամտության դեմ։ Դրանից են կախված մեր ժողովրդավարությունները։ Մենք կպայքարենք անօրինական միգրացիայի դեմ։ Մենք ունենք Լա Մանշի նեղուցի հետ կապված գործողությունների ծրագիր, ինչը մեզ հստակ հիմք կտա համատեղ գործողությունների համար»,- հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության և Բրիտանիայի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։

Նմանատիպ