Անտոնիու Կոշտա. Եվրամիությունն ու Միացյալ Թագավորությունը միշտ կանգնած են եղել կողք կողքի, չենք մրցակցում միմյանց հետ, համատեղ աշխատում ենք երկու կողմի համար շահավետ լուծումների վրա
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հայտարարությամբ՝ Եվրամիությունը բաց է Միացյալ Թագավորության հետ հնարավորինս սերտ հարաբերությունների համար։ Այս մասին նա հայտարարել է Եվրամիության և Միացյալ Թագավորության գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Անտոնիու Կոշտան Միացյալ Թագավորությունը անվանել է Եվրամիության ամենամոտ հարևանը և «բնական գործընկերը»։
Նրա խոսքով՝ բնական է, որ հարաբերությունների վերագործարկման գործընթացում ելակետ են դարձել ռուս-ուկրաինական պատերազմը, անվտանգությունն ու պաշտպանությունը։
Անտոնիու Կոշտան նշել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը Եվրոպայի ամենամեծ մարտահրավերներից մեկն է, և Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք չի բերվել արդար և կայուն խաղաղություն։
Նա նաև ընդգծել է Միացյալ Թագավորության «ուժեղ առաջնորդությունը» «ցանկացողների կոալիցիայի» ձևաչափում և ասել, որ Եվրամիության և Միացյալ Թագավորության միջև ամուր գործընկերությունը ներդրում է Եվրոպայի անվտանգության, մրցունակության և կայունության մեջ։
«Մենք փոխկապակցված ենք և միշտ կանգնած ենք եղել կողք կողքի։ Միասին դեռ շատ բանի կարող ենք հասնել։ Մենք չենք մրցակցում միմյանց հետ, այլ համատեղ աշխատում ենք լուծումների վրա, որոնք շահավետ են երկու կողմի համար։ Մենք հարգում ենք ցանկացած որոշում, որը Միացյալ Թագավորությունը կկայացնի Եվրամիության հետ երկարաժամկետ հարաբերությունների տեսանկյունից։ Եվրոպան շարունակում է պատրաստ լինել նպաստելու Եվրամիության և Միացյալ Թագավորության միջև հնարավորինս սերտ հարաբերությունների ձևավորմանը», – հայտարարել է Անտոնիու Կոշտան։
Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությամբ՝ նախորդ հանդիպումների կարևոր արդյունքներից մեկը պաշտպանության ոլորտում գործընկերության խորացումն էր, հատկապես այնպիսի յուրահատուկ ուղղություններով, ինչպիսիք են ծովային և տիեզերական ոլորտները։ Նա նաև նշել է, որ կողմերն ավարտել են բանակցությունները շրջանակային համաձայնագրի շուրջ, որը կնպաստի Միացյալ Թագավորության առավել կանոնավոր մասնակցությանը Եվրամիության քաղաքացիական առաքելություններին։