Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան և Լեհաստանը ծրագրում են ստեղծել Արևելյան Եվրոպայի գազային հանգույց, որի միջոցով Եվրոպան բնական գազ կստանա՝ շրջանցելով Ռուսաստանը
Ուկրաինան և Լեհաստանը ծրագրում են ստեղծել Արևելյան Եվրոպայի գազային հանգույց։ Այս հանգույցի միջոցով Եվրոպան բնական գազ կստանա՝ շրջանցելով Ռուսաստանը։
Տեղեկության համար՝ Ուկրաինայի տարածքում ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարի 1-ին։ Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Նիկոլայ Կոլեսնիկի խոսքով՝ հնարավոր կլինի նոր բիզնես մոդել ստեղծել ուկրաինական ստորգետնյա պահեստարաններով և լեհական հեղուկ գազի տերմինալներով, որոնք կփոխարինեն ռուսական գազի տարանցմանը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն դիմել է իր գործընկերներին՝ համապատասխան փաստաթղթեր ստորագրելու առաջարկով։ Ըստ Կոլեսնիկի՝ նա ակնկալում է երկարաժամկետ և միջնաժամկետ պայմանագրեր ստորագրել, ինչպես դա տեղի է ունենում ԱՄՆ-ում գործող բիզնես մոդելներում։
«Սա կօգնի Ուկրաինային և Լեհաստանին պահեստավորել այնքան բնական գազ, որքան անհրաժեշտ է ամբողջ Արևելյան Եվրոպային»,- ասել է Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարարը։
Կիևը և Վարշավան բնական գազի շուկաների ինտեգրման նպատակով համագործակցության մասին հուշագիր են ստորագրել դեռևս 2024 թվականի մարտին։ Օգոստոսին Ուկրաինայի նախագահը հայտարարեց, որ «Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո եվրոպացի գործընկերների խնդրանքով Կիևը կարող է փոխադրել այլ ընկերությունների գազ։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը բացատրել է, որ Ուկրաինան պատրաստ է ցանկացած գազ մատակարարել Եվրոպա, բացի ռուսականից։
Դեկտեմբերի 17-ին Եվրամիության առաջատար ընկերությունները Հունգարիայից, Սլովակիայից, Ավստրիայից և Իտալիայից հայտարարեցին, որ «Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետի ավարտը կարող է բարդացնել բնական գազի մատակարարումը և հանգեցնել գազի գնի բարձրացման։ Նրանք Եվրահանձնաժողովին խնդրել են փորձել երկարաձգել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման մասին համաձայնագիրը։ Միաժամանակ Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը։ Ուկրաինան հրաժարվում է շարունակել համագործակցությունը Գազպրոմի հետ: