Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար. Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը ճշտվում է, հնարավոր է, որ դա եղել է ֆոսֆորային զինամթերք
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունը ճշտվում է։
Ինչպես ասել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, դա կարող է լինել ֆոսֆորային զինամթերք։
«Ներկայումս տեղեկատվությունը ճշտում ենք։ Փորձում ենք հասկանալ, թե ինչ է օգտագործվել։ Նախնական ենթադրությունների համաձայն, ամենայն հավանականությամբ, դա կարող է լինել ֆոսֆորային զինամթերք։ Վերջնական պաշտոնական տեղեկատվությունը կհրապարակվի ավելի ուշ», – ասել է Մալյարը:
«Ազովի գունդը» հայտնել է, որ ռուսական ուժերը Մարիուպոլում քիմիական նյութեր են կիրառել, և երեք անձի մոտ թունավորման նշաններ են եղել։ Միաժամանակ, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, ռուս օկուպանտները քիմիական զենք են կիրառել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում։