Վլադիմիր Զելենսկին դիմել է ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներին. Թբիլիսիում ներկայիս կառավարությունը հրաժարվում է ԵՄ-ի հետ համագործակցությունից, ես ձեզ կոչ եմ անում ճնշում գործադրել
Վրաստանում Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող մաֆիան աշխատում է երկիրը Պուտինի ազդեցության տակ դնելու և եվրոպական ուղուց շեղելու ուղղությամբ,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։
Զելենսկու ելույթի տեքստը տարածում է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը կարող է ապահովվել բոլոր եվրոպական երկրների անդամակցությամբ Եվրամիության և ՆԱՏՕ-ի կառույցներին։
«Ես երախտապարտ եմ բոլորին, ովքեր աշխատում են ապահովելու մեր մայրցամաքի աշխարհաքաղաքական պարզությունն ու տնտեսական անվտանգությունը։ Դա հնարավոր է միայն բոլոր եվրոպական երկրների՝ Եվրամիության կառույցներում եւ, իհարկե, ՆԱՏՕ-ում ընդգրկելու միջոցով։ Ոչ մի ժողովրդավարական երկիր չպետք է մնա Միացյալ Եվրոպայից և Դաշինքի կազմից դուրս, դա վերաբերում է նաև Ուկրաինային, Մոլդովային և Բալկանյան երկրներին։ Ցավոք, Վրաստանում Ռուսաստանի կողմից վերահսկվող մաֆիան աշխատում է երկիրը Պուտինի ազդեցության տակ դնելու և եվրոպական ճանապարհից շեղելու ուղղությամբ։ Թբիլիսիի ներկայիս կառավարությունը հրաժարվում է համագործակցել Եվրամիության հետ։ Ես ձեզ կոչ եմ անում ճնշում գործադրել, հատկապես Իվանիշվիլիի և նրա ընկերների վրա, թույլ չտալ, որ նա օգուտ քաղի Վրաստանի գողացված եվրոպական ապագայից և կորցրած տասնամյակների առաջընթացից: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր Եվրոպայում մեկ երկրի կորուստ լինի, քանի որ մեկի անկումը մեզ բոլորիս կմոտեցնի պառակտմանը և հակամարտությանը: Եվ չափազանց կարևոր է աջակցել Մոլդովայի եվրոպական ընտրությանը, և խոսքը ոչ միայն ընտրությունների, այլ նաև մոլդովացի ժողովրդի բարեկեցության մասին է. նրանք պետք է զգան Եվրոպայի ուժը աղքատության դեմ պայքարում»,- ասել է Զելենսկին։