Վլադիմիր Պուտին. Գենետիկական հետազոտությունների համաձայն, ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, ուստի մենք հիմա էլ պատրաստ ենք բանակցությունների և ծանր իրավիճակից ելք գտնելուն
«Մենք հիմա էլ պատրաստ ենք բանակցությունների և այս ծանր, բարդ իրավիճակից ելք գտնելուն, քանի որ ուկրաինացիները մեզ համար շատ մոտ ժողովուրդ են, չէ՞ որ հասկանում եք», – այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ի՞նչ ասենք, վերջին գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում սա մեկ ժողովուրդ է՝ ռուսներն ու ուկրաինացիները։ Եթե որևէ մեկը ցանկանում է այլ կերպ մտածել, այլ կերպ խորհել, բարի, մենք համաձայն ենք դրա հետ։ Այդպիսին է Ռուսաստանի պատմական զարգացման ճանապարհը, այդպիսին է այսօրվա իրականությունը։ Այնուամենայնիվ, ամեն ինչի շուրջ էլ կարելի է համաձայնության հասնել», – նշել է Վլադիմիր Պուտինը։
Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանն ի սկզբանե հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման կողմնակիցն էր։
«Դեռևս 2014 թվականին էինք խոսում այդ մասին․ եկեք, կօգնենք ձեզ, որպեսզի համաձայնության հասնեք այն ժամանակվա Ուկրաինայի հարավ-արևելքի հետ։ Ո՛չ, խաղաղ բնակչության դեմ թնդանոթներ և ինքնաթիռներ կիրառեցին, փաստացի պատերազմ սանձազերծեցին։ Հետո եղան Մինսկի համաձայնագրերը։ Չէ՞ որ մենք միշտ փորձում էինք, որ նրանք համաձայնության հասնեին Ուկրաինայի այն հատվածի հետ, որը համաձայն չէր իշխանության բռնի հեղաշրջման հետ։ Ո՛չ, դրանից հրաժարվեցին։ Հետո, Դոնբասում մարդկանց պաշտպանելու նպատակով մեր գործողությունները սկսելուց առաջ նրանց նորից ասացինք․ եկեք առանց որևէ բարդացման համաձայնվենք։ Ո՛չ, կկռվենք», – նշել է Վլադիմիր Պուտինը։