Սահմանադրական դատարանը հինգ քաղաքական կուսակցությունների արգելման մասին հայցի քննությունը կվերսկսի հոկտեմբերի 26-ին

15:30, 23.10.2026
Վրաստանի սահմանադրական դատարանում հինգ քաղաքական կուսակցությունների գործունեության սահմանադրականության և արգելման մասին հայցի քննությունը կվերսկսվի հոկտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին։
Հայցի ըստ էության քննությունը կշարունակվի ամբողջ շաբաթվա ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում նիստերը, հնարավոր է, անցկացվեն նաև հաջորդ շաբաթներին։
Ընդդիմության ներկայացուցիչները եռօրյա քննարկման ընթացքում մի քանի միջնորդություն են ներկայացրել։ Այդ թվում՝ պահանջում էին կուսակցությունների արգելման մասին հայցն ուղարկել Ստրասբուրգ՝ խորհրդատվական եզրակացություն ստանալու համար, ինչպես նաև գործընթացում ներգրավել Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին։ Ընդդիմությունը պահանջել է նաև դատական գործընթացը հետաձգել մեկ ամսով, սակայն դատարանի պլենումը ոչ մի միջնորդություն չի բավարարել։
Ի գիտություն՝ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 21-ից քննում է «Վրացական երազանքի» սահմանադրական հայցը, որով պահանջվում է «Ազգային շարժման», «Փոփոխությունների կոալիցիայի», «Ուժեղ Վրաստան – Լելոյի», «Ֆեդերալիստների», «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունների գործունեության ճանաչումը հակասահմանադրական և դրանց արգելումը։

Նմանատիպ