Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում դեսպանատուն բացելու մտադրության մասին՝ Վաշինգթոնի` դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը ի պատասխան:
«Մենք արդեն հայտարարել ենք Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի պետության մայրաքաղաք ճանաչելու մասին, բայց մենք հնարավորություն չենք ունեցել բացելու մեր դեսպանատունը, քանի որ Երուսաղեմն այժմ օկուպացիայի մեջ է»,-ասել է նա: Ներկայումս մեր երկիրը Պաղեստինում ներկայացված է հյուպատոսության մակարդակով, որը ղեկավարում է դեսպանը:Փաստացիորեն մենք արդեն կատարել ենք այդ խնդիրը: Առաջիկա օրերին մենք կբացենք մեր դեսպանատունը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու իր որոշման մասին: ԱՄՆ-ի որոշումը դրականորեն ընդունվեց Իսրայելում և բացասական արձագանքի արժանացավ աշխարհի բազմաթիվ երկրներում, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքի և Պաղեստինի:
Երուսաղեմի կարգավիճակի հարցը պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմնական խնդիրներից է: 1967 թ. պատերազմի ժամանակ իսրայելցիները գրավել են քաղաքի արևելյան մասը: Նրանք պնդում են, որ Երուսաղեմն Իսրայելի «միակ և անբաժանելի» մայրաքաղաքն է: Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արևելյան հատվածն իրենց պետության մայրաքաղաք դարձնել:
Հեղինակ -
Edgar Barsegyan