«The New York Times»-ը Քութաիսին ճանաչել է 2025 թվականին ճանապարհորդելու ամենացանկալի վայրերից մեկը
«The New York Times»-ը Քութաիսին ճանաչել է 2025 թվականին ճանապարհորդելու ամենացանկալի վայրերից մեկը

Ամերիկյան «The New York Times» հրատարակության համաձայն՝ Վրաստանը, մասնավորապես՝ Քութաիսին, այն վայրերից է, որտեղ զբոսաշրջության սիրահարները պետք է այցելեն 2025 թվականին։

«Քութաիսին՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, լի է հարուստ պատմությամբ և շրջապատված Վրաստանի բնական գեղեցկությամբ։ Վերջին տարիներին քաղաքն ավելի գրավիչ է դարձել ճանապարհորդների համար, քանի որ ցածր բյուջե ունեցող ավիաընկերությունները սկսել են ուղիղ չվերթներ կատարել Եվրոպայից և տասնյակ այլ քաղաքներից»,- ասվում է «The New York Times»-ի հոդվածում։

Ինչպես գրում է հրատարակությունը, այս տարվա սկզբին Քութաիսիում կբացվի նոր թվային ինտերակտիվ թանգարան, որը կգտնվի նախկին թագավորական նստավայրում և կընդգծի քաղաքի 3500-ամյա պատմությունը։

«Նոր մշակութային կենտրոնում տեղի կունենան վրացական ավանդական պարերով ու բազմաձայն երգերով երեկոներ։ Քութաիսին նաև իդեալական վայր է Կովկասյան լեռներն ու Սև ծովի ափերը, նրա քարանձավները, պալատները և գյուղերը ուսումնասիրելու համար: Սակայն զբոսաշրջիկները հեշտությամբ կարող են մնալ քաղաքում և ուսումնասիրել նրա պատմական կենտրոնը՝ ներառյալ հայտնի «Կանաչ շուկան», սրճարանները, բարերը, ռեստորանները և հին եկեղեցիները»,- գրում է հոդվածի հեղինակը։

Այս մասին հայտնում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։