«Թայմս». Ուկրաինան ասում է, որ երկիրը կարող է ատոմային ռումբ ստեղծել մի քանի ամսում, եթե Դոնալդ Թրամփը հրաժարվի ռազմական օգնությունից
Ուկրաինան կարող է ատոմային ռումբ ստեղծել մի քանի ամսում, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվի ԱՄՆ ռազմական օգնությունից, այս մասին գրում է «Թայմս» հրատարակությունը՝ հիմնվելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության համար պատրաստված տեղեկատվական փաստաթղթի վրա։
«Երկիրը արագ կկարողանա կառուցել հիմնական պլուտոնիումային սարք՝ 1945 թվականին Նագասակիում գցված «գեր մարդուն» նման տեխնոլոգիայով : Պարզ ատոմային ռումբի ստեղծումը, ինչպես դա արեց Միացյալ Նահանգները Մանհեթենի նախագծի հետ, 80 տարի անց դժվար գործ չի լինի»,- ասվում է փաստաթղթում։
Ըստ «Թայմս»-ի՝ ուրանի հարստացման համար անհրաժեշտ խոշոր օբյեկտներ կառուցելու և շահագործելու համար ժամանակի սղության պատճառով Ուկրաինան պետք է ապավինի ուկրաինական միջուկային ռեակտորների սպառված վառելիքի խողովակներից արդյունահանվող պլուտոնիումի օգտագործմանը պատերազմի ժամանակ: Զեկույցի համաձայն՝ Ուկրաինան դեռևս վերահսկում է ինը գործող ռեակտոր և ունի միջուկային զգալի փորձ՝ չնայած 1996 թվականին հրաժարվել է աշխարհի երրորդ ամենամեծ միջուկային զինանոցից։
«Ուկրաինային հասանելի ռեակտորային պլուտոնիումի քաշը կարելի է գնահատել յոթ տոննա։ Շատ ավելի քիչ նյութեր կպահանջվեն միջուկային զենքի զգալի զինանոց ստեղծելու համար։ Նյութի քանակը բավարար է մի քանի կիլոտոննա մարտավարական մարտագլխիկների համար։ Նման ռումբը կկազմի «գեր մարդու» հզորության մոտ մեկ տասներորդը։ Սա բավական կլիներ ռուսական մի ամբողջ ավիաբազա կամ կենտրոնացված ռազմական, արդյունաբերական կամ նյութատեխնիկական միջոցներ ոչնչացնելու համար։ Միջուկային լիցքի ստույգ հզորությունը անկանխատեսելի կլինի, քանի որ կօգտագործվեին պլուտոնիումի տարբեր իզոտոպներ»,- ասել է զեկույցի հեղինակ Ալեքսեյ Իժակը։
Իժակը Ուկրաինայի Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչն է։ Այն պետական հետազոտական կենտրոն է, որը հանդես է գալիս որպես Ուկրաինայի նախագահի աշխատակազմի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խորհրդատվական մարմին: