Սուլխան Թամազաշվիլին հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի հետ
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) նորանշանակ ներկայացուցիչ Աննա Ռիչի հետ։
ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ Սուլխան Թամազաշվիլին շնորհավորել է Աննա Ռիչին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանում գործող միջազգային պաշտպանության համակարգը և ընթացիկ արդիական հարցերը։
Ուշադրություն է դարձվել միգրացիայի կառավարման և ապաստանի տրամադրման օրենսդրության մեջ վերջին շրջանում իրականացված փոփոխություններին, մարտահրավերներին ու ձեռք բերված արդյունքներին։
Հանդիպման ավարտին ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) ներկայացուցչին՝ տարիների ընթացքում նախարարության կարողությունների զարգացման գործում ներդրած ավանդի և ցուցաբերած օգնության համար, և հույս հայտնել, որ առկա համագործակցությունը համատեղ ջանքերով է՛լ ավելի կխորանա։